«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով
9 րոպեի ընթերցում

«Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը միավորում է թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, ինչպես նաև սոցիալական և կրթական ծրագրերը։ Այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թէատրոն»-ը, որն անցկացվելու է սեպտեմբերի 14-28-ը Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում, նպատակ ունի մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ Հայաստան հրավիրելով միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և ստեղծագործական խմբերի։ Այն նպաստում է հայ արվեստագետների մասնագիտական փոխանակմանը, ժամանակակից դրամատուրգիայի զարգացմանը և մշակութային կյանքի ապակենտրոնացմանը։
Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը «Թէատրոն»-ի տնօրեն Սաթէ Խաչատրյանն ասաց, որ փառատոնն իբրև ռազմավարական ուղղություն որդեգրել է մշակութային ապակենտրոնացումը։

«Մենք ունենք նաև սոցիալական բաղադրիչ. այս տարի անդրադառնալու ենք ալցհայմերի հիվանդությանը, ինչի շրջանակում համագործակցելու ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ։ Կարևորում ենք նաև մշակութային հասանելիությունը»,-նշեց նա։
Փառատոնի սոցիալական ծրագրի շրջանակում «Ամալիա սալ» պարախումբը կներկայացնի ալցհայմերի հիվանդության, հիշողության և միջսերնդային կապերի թեմաներին նվիրված «Քանի դեռ չեմ մոռացել» պարային ներկայացումը։ Ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին Գավառի մշակույթի կենտրոնում և սեպտեմբերի 17-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։ Այս նախաձեռնության նպատակն է արվեստի և մշակույթի միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածությունը ալցհայմերի հիվանդության վերաբերյալ, խթանել սերունդների երկխոսությունը և ընդգծել մշակույթի կարևոր սոցիալական դերը։
«Փառատոնը մշակութային դիվանագիտության մաս է և հնարավորություն է տալիս Հայաստանը դիրքավորել ֆրանկոֆոն աշխարհում։ Հայաստանը 2012 թվականից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է։ Հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը կանցկացվեն Հայաստանում, և նմանատիպ միջոցառումները ֆրանկոֆոնիայի շուրջ համախմբում են մշակութային գործիչների, հանդիսատեսի, որովհետև ֆրանկոֆոնիայի ասելիքն է նաև ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը»,-շեշտեց Խաչատրյանը։
Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։
Քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին իրենք շարունակաբար փոխում են Երևանի մշակութային քարտեզը, որը ձևավորվում է խոշորագույն միջոցառումներով, փառատոններով։

«Մենք ոչ միայն ստեղծում ենք այն բովանդակությունը, որը ներկայացվում է հանրությանը, զբոսաշրջիկներին, այլև կարողանում ենք ընդունել այնպիսի փառատոններ, որոնք միջազգային նշանակություն ունեն, հյուրընկալել այնպիսի կատարողների, խմբերի, անհատների, որոնք ձևավորում են Երևանի նոր մշակութային քարտեզը։ «Թէատրոն»-ը ոչ միայն մասնագիտական հանդիպումների, այլև հսկայական փորձի փոխանակման հարթակ է»,-ասաց Սարգսյանն ու ուրախալի համարեց, որ փառատոնը դուրս է գալիս Երևանի սահմաններից:
«Թէատրոն»-ի շրջանակում Հայաստանում Բելգիայի դեսպանատան աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բելգիական «Չայկա» թատերախումբը կներկայացնի «Լոկո» ներկայացումը։ Նույն օրը նախատեսված է նաև հատուկ ներկայացում լսողության խնդիր ունեցող դեռահասների և մեծահասակների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։
Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դը Մույնքն ասաց, որ սիրով են համագործակցում «Թէատրոն»-ի հետ և ամրապնդում են կապերը երկու երկրների միջև։

«Փառատոնն անդրադառնում է նաև բելգիական մշակույթին։ Մեր մշակույթում մեծ տեղ են զբաղեցնում տիկնիկային ներկայացումները, որոնցում քննադատություն կա, սատիրա կա, և այդ արվեստը գնահատվում է մինչ օրս։ Ուրախ ենք, որ Հայաստանում ցուցադրվելու է «Լոկո» ներկայացումը։ Այն բարդ, տրամաբանական և ծանր գործ է»,-նշեց դեսպանը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավյե Ռիշարն ընդգծեց՝ աջակցում են «Թէատրոն»-ին, քանի որ այն ֆրանկոֆոն է, բազմաժանր է, հասանելի է հասարակության լայն շրջանակին։

«Փառատոնը մեծ կարևորություն է տալիս տարբեր երկրներում ապրող ստեղծագործողների միջև համագործակցությանը։ Այդ մասին է վկայում նաև Մուրադ Մերզուկիի ներկայությունը փառատոնին։ Կարևոր են ապակենտրոնացումն ու սոցիալական պատուհանը»,-նշեց Ռիշարը։
Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ականավոր ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի և նրա «Կաֆիգ» պարախմբի «Ֆոլիա» ներկայացմամբ։ «Ֆոլիան» հիփ-հոփ պարի և բարոկկո երաժշտության բացառիկ հանդիպում է, որտեղ տարբեր ժամանակաշրջանների երաժշտական և խորեոգրաֆիկ լեզուները միավորվում են մեկ բեմում։

Մերզուկին նախորդ տարի ևս ներկա էր փառատոնին։ Նրա «Պիկսել» ներկայացմամբ մեկնարկել էր «Թէատրոն»-ը։ Մերզուկիի հետ համագործակցությամբ Հայաստանում ավելի վաղ բեմադրվել ու ներկայացվել էր «Նռան գույնը» պարային ներկայացումը, իրականացվել էր «Քոչար 360°» նախագիծը։
Խորեոգրաֆը շեշտեց, որ «Նռան գույնը» շարունակում է իր հաղթարշավը, կյանքը, ինչը կարևոր է հայ-ֆրանսիական հարաբերությունների համար։
Խոսելով «Ֆոլիա» ներկայացման մասին՝ նա վստահեցրեց, որ այն անհավանական, հետաքրքիր պատմություն է ներկայացնում։
«Բեմադրությունն իսկական ֆոլի է, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է խենթություն, խելագարություն։ Բեմում կտեսնեք դասական, հիփ-հոփ պարողների, ակրոբատների։ Առաջին հայացքից այս համադրությունն անհավանական է թվում, սակայն այդ հանդիպումը շատ հետաքրքիր է։ Ներկայացումը ստեղծվել է 2018 թվականին Լիոնի հանրահայտ փառատոններից մեկի շրջանակում։ Ամբողջ աշխարհով մեկ պտտվելուց հետո այն գալիս է Հայաստան։ Այն բոլորի համար է՝ անկախ նրանից սիրում եք պարը կամ բարոկկո երաժշտությունը, թե ոչ։ Այն հնարավորություն է տալիս ճամփորդել և հրաշալի ժամանակ անցկացնել»,-հավաստիացրեց բեմադրիչը։
«Թէատրոն»-ի առանցքային ուղղություններից է նաև ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգիայի տարածումը Հայաստանում։ Կանադացի դրամատուրգ Օլիվիե Քեմեդի և փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյանի ղեկավարությամբ Արտաշատում կիրականացվի «Էկուբե» դրամատուրգիական ծրագիրը։ Ստեղծագործական գործընթացը կեզրափակվի սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախատեսված թատերական ընթերցումներով։
Ծրագրում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ժամանակակից թատերական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները։ Սեպտեմբերի 20-ին «Զանգակ» գրատանը կներկայացվեն ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների հայերեն հրատարակությունները։
Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում ֆրանսիացի պարուսույց Էրվե Կուբիի «Բարբարոս գիշերներ կամ մարդկության առաջին լուսաբացները» ներկայացմամբ։
«Թէատրոն»-ն իրականացվում է նաև Հայաստանի և Ֆրանսիայի պետական, դիվանագիտական, տարածքային ու մշակութային մի շարք կառույցների աջակցությամբ: