Գույների դիրիժորը. Արթուր Անդրանիկյանը գեղանկարչական աշխատանքներով արվեստասերներին ներկայացրեց իր կենսագրությունը
7 րոպեի ընթերցում

«Նատյուրմորտ՝ ինքնակենսագրությամբ» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսում ընդգրկված են բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, գրականագետ և գեղանկարիչ Արթուր Անդրանիկյանի՝ տարբեր տարիների ստեղծած վառ, գունեղ կտավները, որոնք ինքնաարտահայտման և ներքին երկխոսություն արդյունք են։
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին «Թեքեյան» կենտրոնում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Անդրանիկյանն ասաց, որ իրեն համարում է գույների դիրիժոր։

«Նկարելիս պարտադիր երկու ձեռքումս էլ պետք է վրձին լինի։ Ուղղորդում եմ գույներին, որոնք հաղորդում են իմ մտածողությունը։ Այս նկարչությունն աբստրակցիայի հետ կապ չունի, սա երաժշտական էքսպրեսիոնիզմ է։ Բազմաթիվ կտավներ Բախի Բրանդերբուրգյան երկրորդ կամ երրորդ կոնցերտները լսելիս եմ նկարել, էլ չեմ խոսում իմ պաշտելի Շոպենի մասին։ Գունամտածողությունը համահունչ է երաժշտական մտածողության հետ։ Եթե սովորական մեկը դաշնամուրի ստեղնաշարի վրա մատները շարժի, անհեթեթ հնչյուններ կարտաբխեն։ Գույների հետ գործ ունենալիս ևս պետք է զգոն լինել, քանի որ նրանք ներքին երաժշտականություն ունեն։ Աշխատում եմ սիմֆոնիաներ լսել և արտապատկերել դրանք»,-շեշտեց Անդրանիկյանը։
Նկարչի խոսքով՝ աշխարհի տարբեր նկարիչներ ակամայից թիկունք են եղել իրեն, օժանդակել են, որ կարողանա ինչ-որ բանի հասնել։

Արթուր Անդրանիկյանի արվեստի վրա մեծ ազդեցություն են թողել աշխարհահռչակ նկարիչներ Անրի Մատիսը, Պաբլո Պիկասոն։ Պիկասոյի մի քանի գործ արտանկարել և անգամ վաճառել է՝ տեղեկացնելով, թե ով է արտանկարողը։ «Նրանց արտանկարելով՝ անցել եմ այն ճանապարհը, որը նրանք են անցել»,-ասաց հեղինակը։
Անդրանիկյանը հիշեցրեց, որ երիտասարդ ժամանակ ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարան, սակայն նրան բանակ են տարել։ Երբ վերադարձել է, չի ցանկացել շարունակել կրթությունը։ Վստահ է՝ եթե շարունակեր ուսումը, կթողներ նկարելը։ Նա նշեց, որ գրողներ Հրաչյա Սարուխանը, Արմեն Շեկոյանը ևս սովորել են Թերլեմեզյանի ուսումնարանում, սակայն թողել են նկարչությունը։

«Ինձ չի հետաքրքրում կոլխոզային մտածողությունը, թե ինչպես քաշել գիծը, թե որ գույնը որ գույնի հետ է համադրելի կամ հակադրելի և այլն։ Դա մարդը ձեռք է բերում՝ մեծ վարպետներին հետևողականորեն ուսումնասիրելով։ Հայ մեծագույն նկարիչներ Հարություն Կալենցի, Պոլ Կիրակոսյանի գործերից մի քանիսն արտանկարել եմ ու շատ բան եմ սովորել։ Նրանց դպրոցով անցնելը բավականին կարևոր է։ Գրականության մեջ դա ևս հնարավոր է։ Մեծարենցի բանաստեղծություններն արտագրել եմ 14 կամ 15 տարեկանում, և դա ինձ շատ բան է տվել»,-ասաց Անդրանիկյանը։
Կարծում է՝ նկարիչը պետք է տիրապետի արվեստի բազմաթիվ ճյուղերի՝ գրականություն, երաժշտություն և այլն, ինչն ինքնաարտահայտման ներքին ազդակներ է տալիս, այդ ամենը հարստացնում է ներաշխարհը, հոգևոր պաշար տալիս։

Անդրադառնալով ցուցահանդեսի խորագրին՝ նա մանրամասնեց՝ նատյուրմորտը մեռած բնությունն է, բայց, երբ ասում ենք «Նատյուրմորտ՝ ինքնակենսագրությամբ», ամեն բան փոխվում է. նշանակում է՝ շարունակական բան է։
Ցուցասրահում ներկայացված կտավների մեծ մասը ստեղծվել է 2017 թվականին։ Արթուր Անդրանիկյանն իր կյանքի այդ շրջանը «Բոլդինյան աշուն» է համարում և հիշեցնում, որ Բոլդինոն Ռուսաստանի գյուղերից է, որտեղ Պուշկինների տոհմական կալվածքն է եղել, և որտեղ ստեղծագործել է Ալեքսանդր Պուշկինն ու այդ շրջանում բազմաթիվ հետաքրքիր գործեր ստեղծել։

Անդրանիկյանի կյանքում ստեղծագործական առումով այժմ բավականին հանգիստ փուլ է։ «Սնուցում է պետք։ Երբ վրձինը պահում ես կտավի վրա, այն պետք է թրթռա։ Անշարժ կտավ է, բայց այն էներգիա ունի։ Այդ ժամանակ եմ զգում պետք է նկարեմ, թե ոչ։ Եթե կտավում մի կնոջ դեմք կամ ձի լինի, դիտողը սևեռուն հայացքով կնայի այդ ուղղությամբ, ուստի ես տարալուծում եմ գույները։ Ինձ հետաքրքիր չէ ծառը, ինձ հետաքրքրում է, թե ծառը նախկինում ինչ է եղել։ Ինձ չի հետաքրքրում սեղանը, ինձ հետաքրքրում է, թե սեղանը նախկինում ինչ է եղել։ Իմ արվեստանոցում մի կտավ կա, որում պատից կախված երեք աթոռ է նկարված։ Ով այցելում է ինձ, հրավիրում եմ նստելու»,-կատակեց նկարիչն ու հավաստիացրեց՝ մարդը պետք է նաև հումորով լինի. վախենում է հումորից զուրկ մարդկանցից։
Մատենադարանի ավագ գիտաշխատող, Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս Արփինե Սարգսյանի խոսքով՝ գույնի, ռիթմի և տարածության միջոցով Անդրանիկյանը փոխանցում է իր ներքին խոսքը։

«Նրա ստեղծագործություններում գրական մտածողությունն ու նկարչական տեսլականը հանդիպում են՝ ձևավորելով հատուկ աշխարհ, որտեղ իրականությունն աստիճանաբար վերածվում է զգացողության, հիշողության և խորհրդի։ Հատկապես հետաքրքիր է այն հանգամանքը, որ Արթուր Անդրանիկյանն իր արվեստին մոտենում է ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես գրական և գիտական մտածողություն ունեցող անհատ»,-ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ցուցասրահում ներկայացված աշխատանքները դիտողին հրավիրում են տեսնելու, զգալու, յուրաքանչյուրի համար սեփական մեկնաբանությունը գտնելու։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 25-ը։
Արթուր Անդրանիկյանը ծնվել է 1959 թվականին Լենինականում (Գյումրի)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը, բանասիրական գիտությունների թեկնածու է։ Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների։ Նրա ստեղծագործությունները ներկայացվել են աշխարհի տարբեր երկրների պատկերասրահներում և մշակութային կենտրոններում, ինչպես նաև համալրել են մասնավոր հավաքածուներ։
Արթուր Անդրանիկյանի անձնական հավաքածուն ներառում է շուրջ 300 յուղաներկ կտավ և 200 գրաֆիկական աշխատանք։
