Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան
17 րոպեի ընթերցում

Երիտասարդ երգիչ Արսեն Զաքարյանին երաժշտասերների լայն շրջանակը ճանաչեց «Ազգային երգիչ» նախագծից, որի ընթացքում Արսենն աչքի ընկավ ինքնատիպությամբ, անկեղծությամբ, սիրված հեղինակների հանրահայտ ստեղծագործոթյունները նորովի մատուցելու կարողությամբ։ Նախագծից հետո Արսենը շարունակում է երգել, կատարել տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ մեծ նշանակություն տալով ազգային երգին։ Արսենը, որը նաև իր սեփական երգերն է գրում, պարբերաբար համերգներով ներկայանում է Հայաստանի թանգարաններում, համերգասրահներում՝ տարածելով հայ երգը, սակայն նրա հիմնական նպատակն է նպաստել սիրած քաղաքի՝ Արմավիրի մշակութային զարթոնքին։
Օրերս Արսեն Զաքարյանը հյուրընկալվել է «Արմենպրես»-ի տաղավարում և պատմել իր անցած ճանապարհի, հայկականության, արմատների և անելիքների մասին։
- Ինչպե՞ս եք Արսեն։ Ինչպե՞ ս եք անցկացնում ժամանակն այս օրերին։
- Լավ եմ, շնորհակալություն։ Արմավիրում ամառային դպրոց ունենք. հիմնականում այնտեղ եմ լինում։ Երեխաների հետ ենք աշխատում և մեր համերգներով փորձում ենք «զովացնել» նրանց։ Դպրոցում դասավանդվում են նկարչություն, ծանոթացնում են Սարյանի, Այվազովսկու և այլ մեծերի կյանքին ու գործունեությանը, երգ ենք դասավանդում, հիմնականում՝ ազգային։ Անգամ փորձում ենք «նկարել» Կոմիտասի երգերը։

-Զարգացնում եք երեխաների երևակայությունը, ինչը շատ ողջունելի է.. Շատերս Ձեզ ճանաչեցինք «Ազգային երգիչ» նախագծից, որի եզրափակիչ փուլ հասաք։ Մինչ նախագիծն ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ հետաքրքրություններ եք ունեցել, որոնք պահպանվել են։
-Սովորել եմ Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից վոկալ ստուդիայում։ Երբ 14 տարեկան էի, ակադեմիական վոկալ էի երգում, հետո զգացի, որ ինձ ավելի շատ էստրադան է հետաքրքրում և ընդունվեցի Հայաստանի երգի պետական թատրոն, որտեղ սովորեցի երկու տարի։ Հետո ճանապարհն ինձ տարավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, այնուհետև՝ Ռոստովի պետական կոնսերվատորիա։ Երեք տարի սովորեցի Ռոստովում. այդ ընթացքում բավականին ակտիվ համագործակցում էինք հայ համայնքի հետ. համերգներ էին կազմակերպվում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, միջոցառումներ, որոնք ուղղված էին հայկական ազգային ոգին բարձրացնելուն։ Ունեցանք նաև Armenian Ethnic Jam խորագրով համերգ, որը շարունակական դարձավ։ Մի գաղափարի շուրջ են համախմբվում հայ երաժիշտներ, երգիչներ, որոնք կատարում են հայկական երգեր, բայց՝ իրարից անկախ։ Երբ առաջին համերգը տեղի ունեցավ, ես չէի ճանաչում երաժիշտներին, ծրագիր չկար. ամեն բան տեղում էր արվում։ Երկու, երեք ժամ անընդմեջ երգել, նվագել ենք։ Շատ հետաքրքիր էր։
-Այս տարի պատրաստվո՞ւմ եք մասնակցել այդ նախագծին։
-Դեռ չգիտեմ, քանի որ Հայաստանում եմ համերգներով զբաղված։
-Ձեր ընտանիքում երաժիշտներ կա՞ն։ Ո՞ւմից եք ժառանգել այս գեղեցիկ, թովիչ ձայնը։
-Պրոֆեսիոնալ երաժիշտներ մեր ընտանիքում չկան, բայց պապիկիս եղբայրները լավ են երգել, նվագել։ Եղբայրներից մեկը պարի ուսուցիչ է եղել։ Մայրիկիս պապիկը երիտասարդության տարիներին երգել է։ Այդ ժամանակ երգն ընդունված մասնագիտություն չէր, և նրան հորդորել են «նորմալ» աշխատանք գտնել, ինչի պատճառով թողել է երգը։ Հորական տատիկիս պապերը հոգևորականներ են եղել և շատ են կատարել Կոմիտասի երգերը։ Տատիկիս պապիկը մինչև կյանքի վերջին օրերը Կոմիտաս է երգել։ Ութ տարեկանում տեսել է Կոմիտասին։ Նրա հայրը Հառիճավանքի քահանան է եղել և Կոմիտասին հրավիրել է իրենց տուն։ Կոմիտասը տատիկիս պապիկին ասել է. «Բալիկ ջան, ինձ համար ինչ-որ բան կերգե՞ս»։ Գյուղի երեխաները ծիծաղել են, որ «բալիկ»-ով է դիմել տատիկիս պապիկին, և նրա մականունը մնացել է «Բալիկ»։ Ինձ թվում է՝ կոմիտասյան շունչն այդ ճյուղից է գալիս։

-Այո՛, ոչինչ հենց այնպես չի լինում։ Իսկ Կոմիտաս երգելիս ինչի՞ մասին եք մտածում։
-Հայկականության գիծ կա՝ կլինի նկարչություն, երգ, պար, որը բացատրել հնարավոր չէ։ Ընկնում ես մի ուրիշ աշխարհ, և այդ աշխարհը մերն է, հայկականությունն է, որն ուրիշ տեղ չես գտնի, և երբ երգում ես այդ երգերը, արտասահմանցին անգամ կարող է ամբողջ հոգով զգալ այդ երաժշտությունը։ Եթե զգում ես այդ ամենը, դիմացինը ևս զգում է, իսկ դա փոխանցելու համար պետք է հայ լինել և ապրել դրանով։ Կարծում եմ՝ բառերով հնարավոր չէ բացատրել այդ ամենը։
Կարող ես երգել, պարել, նկարել, և դիմացինի հետ երկխոսություն սկսել։
-Վերջերս մի երաժշտի էի հանդիպել, որի խոսքով՝ հաճախ է ունկնդրում մասնագետների, որոնք փայլուն տիրապետում են գործիքին, սակայն զուրկ են զգացմունքայնությունից։ Դուք առավել կարևորում եք անսխալականությո՞ւնը, թե՞ հույզը։
-Երաժշտությունը հնուց համարել են հոգու արվեստ։ Կարևոր է զգայական կապը։ Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում, հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։ Դա ձայնի գույնն է, ներաշխարհն է, ապրած կյանքը։ Գուցե գյուղում ապրող մի տատիկ ոչ ճիշտ նոտաներով երգի, և այդ երգը դիպչի հոգուդ։ Պարտադիր չէ ամեն բան շատ ճիշտ անել։ Երգի դեպքում կարևորն այն է, որ կարողանաս փոխանցել այդ գույները, զգայական դաշտը։ Երբեմն, երբ շատ ճիշտ են երգում, ասում ենք՝ շատ քառակուսի է։ Քառակուսուց պետք է կարողանալ դուրս գալ, բայց ամեն բանի հիմքն այդ քառակուսին գտնելն է։ Մինչև չգտնես, չամբողջացնես, չես կարող դուրս գալ։
-Օրեր առաջ մի արտիստի համերգի էի ներկա։ Ամեն բան հրաշալի էր, բայց հենց նա ձեռքը վերցրեց կիթառը, ասես պատկերն ամբողջացավ։ Դուք ևս կիթառ եք նվագում։ Կխնդրեմ խոսել այդ գործիքի հետ ձեր հարաբերությունների մասին։ Ռուբեն Հախվերդյանն ասում է. «Ախ, կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, ախ, կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական»։
-Կիթառն իսկապես իմ ընկերն է, քանի որ ամենուր ինձ հետ է։ Կարող ես անընդհատ բացահայտել այդ գործիքը, իսկ դա անելու համար պետք է նրան ժամանակ տրամադրել։ Այն ինձ նվագակցում է, ամբողջացնում է, բայց ես մեկ այլ լավ ընկեր էլ ունեմ։ Խոսքն Անուշ Միրզախանյանի մասին է։ Նա Արմավիրից է։ Անուշի հետ ծանոթացել եմ 14 տարի առաջ։ Նա կիթառահար է և երգում է։ Նրա հետ եմ սկսել նվագել, երգել։ Սկզբում Անուշն էր նվագում, ես երգում էի, կամաց-կամաց ես էլ ընկղմվեցի այդ ամենի մեջ։ Հիմա էլ ենք համատեղ համերգներով ներկայանում։ Նա է ինձ տարել կիթառի աշխարհ։ Չէի պատկերացնում, որ կարելի է հայկական երգերը երգել կիթառի նվագակցությամբ։ Երբ Անուշին առաջին անգամ լսեցի, հասկացա, թե որքան համահունչ են հայկական երգն ու կիթառը։

-Ո՞ր երգերն եք կիթառով կատարում։
-Կոմիտասից սկսած մինչև ժողովրդական, էստրադային երգեր։ Մինչ «Ազգային երգիչ»-ը հիմնականում էստրադային, ջազ երգեր եմ երգել, քանի որ կոնսերվատորիայի այդ բաժնում եմ սովորել։ Առաջին երգը, որը կատարեցի նախագծում, «Գուլո»-ն էր։ Հանդիսատեսն ինձ հավանեց, և ես չփոխեցի այդ ոճը։ Ինձ անգամ ասում էին՝ մեր օրերի Կոմիտաս։ Իհարկե, ես լուրջ չէի վերաբերվում դրան, բայց հաճելի էր։ Իրականում սիրում էի կարդալ մեկնաբանությունները, քանի որ տրամադրությունս բարձրանում էր, հետո մարդկանց հույզերն էի զգում։
-Իսկ չե՞ք վախենում տհաճ մեկնաբանություններից։
-Ոչ, քանի որ դա էլ է էմոցիա և անհրաժեշտ է։ Կարող է օգտակար լինել։ Գուցե քեզ հակառակ բան են ասում, բայց դու սովորում ես, ավելի ես կատարելագործվում։

-Իսկ ի՞նչ կասեք Ազնավուրի մասին, որի երգերը ևս կատարում եք։
-Ազնավուրը գրեթե մեկ դար ապրել և ստեղծագործել է։ Նա իր մասին ասել է, որ հարյուր տոկոսով հայ է և հարյուր տոկոսով ֆրանսիացի է։ Այդ արտահայտությունը հետաքրքիր է։ Եթե արտասահմանում ապրող հային ասեն, որ նա օրինակ՝ ռուս է, այդ մարդը կարող է վիրավորվել։ Ազնավուրը Ֆրանսիայում է ստեղծագործել, նրա ամբողջ կյանքն է այնտեղ անցել, սակայն այնքան խորն են նրա արմատները, և նա այնքան կառչած է եղել այդ արմատներից, որ իրեն և՛ հայ, և՛ ֆրանսիացի է համարել։ Ազնավուրը կյանքի մարդ է եղել։ Ինձ թվում է՝ մեր հայկականությունն է դա. մենք գնահատում ենք կյանքը, կառչած ենք նրանից, փորձում ենք վառ գույներով այն ներկայացնել։ Ազնավուրն ընդունում էր բոլորին և ամեն ինչ։ Նա կայուն մարդ էր, բայց նրան չէին խանգարում աշխարհը, աշխարհում կատարվող իրադարձությունները, և նա գնում էր իր ճանապարհով։ Ես էլ եմ փորձում այդպես անել։
-Նա համառորեն նվաճում էր աշխարհը։ Ազնավուրի գրքերից մեկն էլ կոչվում է «Կյանքից կառչած»։ Հավանաբար, պատահական չէ, որ այդ արտահայտությունը շատ հնչեց։ Կարո՞ղ ենք ասել, որ հենց այդ հայկական արմատները Ձեզ վերադարձրին Հայաստան։
«Ազգային երգիչ» նախագծի լսումների ժամանակ ասում եք, որ Ռոստովից եք վերադարձել և հույս ունեք, որ կմնաք։ Փաստորեն մնացիք։
-Միշտ մտածել եմ նման նախագծի մասնակցելու մասին։ Երբ եկա Հայաստան, արդեն ավարտել էի Ռոստովի կոնսերվատորիան, և, երբ տեսա «Ազգային երգիչ» նախագծի գովազդը, հասկացա, որ մասնակցելու եմ։ Մտածում էի՝ եթե անցնեմ, պետք է մնամ։ Ընդամենը երեք տարի էի ապրել Ռուսաստանում, դա երկար ժամանակ չէ, բայց բավական է այնտեղ երաժշտական գործունեություն ծավալելու համար։ Սակայն չես կարող ասել, թե որտեղ բախտդ կբերի։ Հնարավոր է՝ Ազնավուրը լիներ Հայաստանում և բոլորովին այլ մասնագիտություն ունենար, այլ բանով զբաղվեր, աշխարհը նրան չճանաչեր, և նա այդքան կյանք չտար աշխարհին։
Այդ պատճառով էլ շատ բան թողնում եմ ճակատագրին։ Մտածում եմ՝ ճանապարհը ուր տանի, այդ ուղղությամբ էլ կգնամ, և որ ոչինչ պատահական չի լինում։ Եթե չլիներ այդ նախագիծը, հնարավոր է՝ ես Հայաստանում չլինեի, չունենայի այսքան համերգներ, ինչն իրականում մեծ փորձ տվեց ինձ և առաջ գնալու ազդակ։

-Իսկ «Ազգային երգիչ» նախագծի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում։
-Նախագծի շնորհիվ և նախագծի ընթացքում ձեռքբերումները շատ են եղել. նկարահանումներ, համերգներ, երգերը շուտ սովորել և այլն։ Ռոստովում քննությունների ժամանակ Արթուր Գրիգորյանի երգերից էի հաճախ երգում, բայց ազգային երգեր կատարելն ինձ համար նորություն էր։ «Ազգային երգիչ»-ի ընթացքում պետք է երգեի և այնպես երգեի, որ մարդիկ նաև քվեարկեին ինձ համար։ Որքան էլ փորձում ես որպես արտիստ ներկայանալ, միևնույն է, դու մրցույթի մասնակից ես։ Կարող են լսել, ծափահարել և ասել՝ հաջողություն։ Ձեռքբերում էր այդ ամենի միջով անցնելը, և ուրախ եմ, որ մինչև վերջ անցա, և կապ չունի հաղթել եմ, թե ոչ։
-Հաճախ եմ նկատում, որ երգիչները, որոնք տարբեր կոմպոզիտորների գործեր են կատարում, ինչ-որ պահի սկսում են ստեղծագործել։ Նման ցանկություն կամ նախադեպ եղե՞լ է։
-Մի քանի երգ գրել եմ։ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակում մի հատված երգել եմ իմ «Անուշ» երգից։ Երգն իմ լավ ընկերոջ՝ Անուշի մասին է։ Պատկերացրել էի՝ ինչ կլիներ, եթե Թումանյանի պոեմի հերոսուհին ոչ թե մեզ հայտնի Անուշը լիներ, այլ իմ ընկեր Անուշը։ Հետաքրքիր բանաստեղծություն ստացվեց, որը երգի վերածեցի։ Երաժշտությունը ևս իմն է։ Այն ավելի ժողովրդական ոճում է։ Կան նաև էստրադային ժանրի գործեր։

-Իսկ պատահե՞լ է, որ, անկախ ձեզնից, կրկնօրինակեք։
-Վերջերս փորձեցի մի հայտնի երգի ակորդների վրա նոր երգ գրել, բայց չստացվեց։ Պետք է հնարավորինս անկեղծ լինել. այլ կերպ չի ստացվում։
-Կրկին հիշեցի Ազնավուրին։ Նրա մասին պատմող ֆիլմում երևում է, որ ստեղծագործելը նրանից մեծ ջանքեր չի պահանջել։ Երգերն ինքնին են ծնվել։
-Դա ապրած տարիների արդյունք է, կյանքից կառչած լինելուց է։
-Վերջերս առիթ ունեցա ունկնդրելու Ձեր զուգերգն Ափո Սահակյանի հետ։ Շատ եմ սիրել այդ ստեղծագործությունը։ Առաջիկայում նախատեսվո՞ւմ են համագործակցություններ այլ արտիստների հետ։
-Վերջերս վերաթողարկվեց երգչուհի Արփիի երգերից մեկը։ Բեք վոկալ էի երգում, սակայն իմ ներկայությունն այդ երգում շատ արտահայտիչ էր։ Կան նոր ծրագրեր, որոնց մասին դեռ չեմ խոսի։ Փորձում եմ համերգներ կազմակերպել, սակայն իմ հիմնական նպատակը տարբեր արտիստներին մեր մարզ բերելն է։ Ցանկանում եմ, որ Արմավիրում մշակութային կյանքը զարգանա, գան տարբեր արտիստներ և տեսնեն մեր քաղաքը։ Շատերը եղել են Սարդարապատում, բայց չեն եղել մեր քաղաքում, մեր մշակույթի տանը, չգիտեն, թե ինչ մարդիկ կան այստեղ, ինչ ստեղծագործողներ։ Փորձում եմ այդ ամենը համատեղել իմ համերգների հետ։ Համերգներով լինում եմ նաև այլ մարզերում, խոսում եմ Արմավիրի մասին։

-Մեր երկրի պետական քաղաքականությունը ևս դրան է միտված։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար նշում է, որ պետք է ապակենտրոնացնել մշակույթն ու սատարում է այն նախաձեռնությունները, որոնք իրականացվում են Հայաստանի մարզերում։ Այնպես որ, Դուք Ձեզ վրա շատ ծանր և կարևոր առաքելություն եք վերցրել։
Սկզբում խոսեցինք այն մասին, որ դասավանդում եք։ Հանդիպո՞ւմ եք տաղանդավոր երեխաների և ի՞նչ եք սովորում, բացի սովորեցնելուց։
-Երեխաներից կարող ես անսահման անկեղծություն սովորել։ Այդ անկեղծությունն է, որ կյանք է տալիս մարդուն։ Երեխաները մեր ապագան են։ Փորձում եմ հասկանալ, թե որ երեխան ինչ մասնագիտություն է ձեռք բերելու, փորձում եմ ուղղորդել նրանց։ Մի երեխայի հարցրի, թե ինչ է ուզում դառնալ, պատասխանեց՝ կամ պարուհի, կամ նկարչուհի։ Հարցրի, թե ինչն է նրան խանգարում, որ և՛ պարուհի լինի, և՛ նկարչուհի։ Հիմնականում մարզերում է այդպես։ Մտածում են, որ, եթե այս մարդն ուսուցչուհի է, վերջ՛, նա ամբողջ կյանքում դրանով պետք է զբաղվի։ Կարող ես շատ սիրել որևէ մասնագիտություն, բայց քո ուղին քեզ կարող է բոլորովին այլ տեղ տանել։

-Երգից բացի ի՞նչ կընտրեիք։
-Հավանաբար՝ բժշկություն։ Բնություն եմ սիրում, իսկ բժշկությունը բնությանը մոտ է։
-Հիմա էլ երաժշտությամբ, երգով հոգիներն եք բուժում։
Նկատել եմ, որ վերջին շրջանում համերգներով հանդես եք գալիս թանգարաններում։ Կխնդրեմ այդ նախաձեռնության մասին խոսել։
-Համագործակցում եմ Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի հետ։ Կազմակերպում ենք միջոցառումներ, համերգներ, որոնց ընթացքում ծանոթանում ենք մեր հանդիսատեսի հետ, փորձում ենք նրանց մեջ արթնացնել իրենց նախնիների շունչը։ Հարցնում ենք, թե որտեղից են սերում։ Երգում ենք այդ տարածաշրջանի երգերը։ Սա մի ծրագիր է, որն իրականացվում է ավելի քան մեկ տարի։ Գրականության և արվեստի թանգարանն ունի մի շարք մասնաճյուղեր՝ Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն-թանգարանները և այլն։ Գնում ենք նաև մարզեր։ Այդ թանգարանների մեծ մասում ունեցել ենք համերգներ, որոնք շարունակական են լինելու։
-Արսեն, ևս մեկ անգամ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում. մինչ հանդիպում։
-Ես եմ շնորհակալ հրավերի համար։
