Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը
5 րոպեի ընթերցում

«Հայաստանի գույները» ջրաներկի 4-րդ միջազգային փառատոնի մեկնարկային ցուցահանդեսում արվեստասերները կարող են ծանոթանալ ջրաներկի հայ և օտարազգի վարպետների հարյուրից ավելի ուշագրավ աշխատանքի։
Նկարներում նրբագեղ կանայք են, ծերունիներ են, բնությունն է իր ամբողջ շքեղությամբ, շենքեր ու շինություններ են, զգացմունքային պատկերներ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում։
Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը հիշեցրեց, որ փառատոնը նախաձեռնում է «Արվեստա» կազմակերպությունը՝ ի դեմս Արա Մուշեղյանի, որի հետ սիրով են համագործակցում և հյուրընկալում են փառատոնը։

«Այսպիսի փառատոնները Հայաստանին շատ անհրաժեշտ են, քանի որ նման միջոցառումներին մասնակցում են ստեղծագործողներ աշխարհի տարբեր երկրներից։ Միության «Արա Սարգսյան» ցուցասրահում ցուցադրվում են ակվարելի հեղինակավոր նկարիչների գործեր։ Հայ և օտար արվեստագետների շփումը, որը կայանում է փառատոնին, շատ կարևոր է։ Նկարիչները սեպտեմբերի 15-ին մեկնելու են Գյումրի, որտեղ անցկացնելու են վարպետության դասեր և այլ ծրագրեր, որոնց շրջանակում շատ արվեստագետներ, արվեստասերներ կարող են հաղորդակցվել նկարիչների հետ, տեսնել, թե ակվարելի ինչ մոտեցումներ կան»,-ասաց Սաֆարյանն ու հավելեց՝ տարիներ առաջ ակվարելին վերաբերվում էին որպես էսքիզի նյութի, բայց այժմ շատ բան է փոխվել։
Սաֆարյանի խոսքով՝ բավականին դժվար է աշխատել ջրաներկով, քանի որ պետք է միանգամից ստանալ այն, ինչ, ցանկանում ես։ «Յուղաներկով ցանկացածը կարելի է ստանալ շերտերի շնորհիվ, երկար նկարելու շնորհիվ, եթե սխալվես, կարող ես շտկել, իսկ ջրաներկն այդ հնարավորությունը երբեմն չի տալիս»,-նշեց միության նախագահը։

Ըստ նրա՝ փառատոնին մասնակից օտարազգի արվեստագետները դառնում են Հայաստանի մշակութային դեսպաններն իրենց երկրներում, և այդ արձագանքը Հայաստանում զգում են ամբողջ տարվա ընթացքում։
«Կան արվեստագետներ, որոնք վերադառնում են Հայաստան՝ սիրահարված մեր երկրին, մեր բնությանը, մեր արվեստին, ինչն ուրախալի է»,-շեշտեց նա։

Արա Մուշեղյանն էլ ընդգծեց, որ փառատոնի նպատակը Հայաստանում ակվարելի բարձր արվեստը ներկայացնելը, հայ արվեստագետներին հեղինակավոր վարպետների կողքին ներկայանալու, համագործակցության կապ ստեղծելու հնարավորություն տալն է։ «Վարպետները, որոնք ժամանում են Հայաստան, նկարում են այստեղ, այդ գործերը ցուցադրում են այլ ցուցահանդեսներում և այդ աշխատանքներով շարունակաբար խոսում են Հայաստանի մասին»,-ասաց նա։

Ցուցահանդեսին մասնակցում են նկարիչներ Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից, Իսպանիայից, Իտալիայից, Չեխիայից, Հնդկաստանից և մի շարք այլ երկրներից։

Հնդկաստանից ժամանած նկարիչ, ճարտարապետ Ինդրանի Գոշը ջրաներկով նկարել է Հնդկաստանի սրբերից մեկին՝ նշելով, որ իր երկիրը հարուստ հոգևոր ավանդույթներ ունի։

Նկարիչը հավաստիացրեց, որ Հնդկաստանի ժողովուրդը շատ հետաքրքիր ու բազմերանգ է։
«Ջրաներկն իմ կիրքն է, և երբ սոցիալական ցանցերից տեղեկացա փառատոնի մասին, մտածեցի՝ պետք է մասնակցել։ Ինձ համար պատիվ է այս նախաձեռնության մասնիկը լինելը»,-ասաց նա և վստահեցրեց՝ եթե մտածես, որ ջրաներկով նկարելը բարդ է, բարդ կլինի, եթե մտածես, որ դյուրին է, հեշտ կլինի։

Սեպտեմբերի 18-20-ը փառատոնի շրջանակում Գյումրիում կանցկացվեն պլեներներ, դեմո դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, ցուցահանդես, մրցույթներ, համերգային ծրագիր: Փառատոնը կեզրափակվի հանդիսավոր փակման արարողությամբ, որի ընթացքում մասնակից վարպետները երաժշտական ծրագրի ուղեկցությամբ համատեղ կստեղծեն լայնաֆորմատ աշխատանքներ։ Երևանում և Գյումրիում բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ։
