Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կինոփառատոնը կազմակերպում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը։ Նպատակն է խթանել Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների միջև մասնագիտական և ստեղծագործական համագործակցությունը, նպաստել փորձի փոխանակմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը և համատեղ կինոնախագծերի զարգացմանը։ Այն միաժամանակ կանդրադառնա ժամանակակից կինեմատոգրաֆիայում նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին։
30 կարճամետրաժ ֆիլմ՝ Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչներից
Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 30 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, որոնցից 14-ը ներկայացնում են ԱՊՀ անդամ երկրները, իսկ 16-ը՝ Հայաստանը։
Միջազգային ծրագրում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության երիտասարդ կինոգործիչների աշխատանքները։
Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու երիտասարդ կինոգործիչների լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի նոր սերնդի ստեղծագործական մոտեցումներին։
Մրցանակներ և մասնագիտական ծրագիր
Փառատոնի մրցութային ծրագրի լավագույն աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին։
Մրցանակներ կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր
- Ժյուրիի հատուկ մրցանակ
- Ժյուրիի հատուկ հիշատակում
Կինոփառատոնի մասնագիտական ծրագրում նախատեսված են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված համատեղ ֆիլմարտադրության զարգացման հնարավորություններին և ժամանակակից կինեմատոգրաֆիայում արհեստական բանականության ազդեցությանը։
Նախատեսված են նաև ԱՊՀ անդամ երկրների կինոյի վարպետների հետահայաց ցուցադրություններ, որոնք հնարավորություն կտան հանդիսատեսին անդրադառնալու տարածաշրջանի կինոյի կարևոր էջերին և դասական կինոլեզվին։
Փառատոնը՝ Մեղրիում
«Համագործակցության երկրների կինոփառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Մեղրիի մարզամշակութային կենտրոնում։
Սեպտեմբերի 19–20-ին կինոցուցադրությունները, մասնագիտական և մշակութային միջոցառումները, ինչպես նաև փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կանցկացվեն «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնում:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Մեղրիի բնակիչներն ու քաղաքի հյուրերը երեք օր շարունակ հնարավորություն կունենան դիտելու ժամանակակից կինոյի լավագույն կարճամետրաժ աշխատանքները, հանդիպելու տարբեր երկրներից ժամանած կինոգործիչների հետ և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ ստեղծագործողների նոր աշխատանքներին։
Մշակույթը՝ որպես համագործակցության և զարգացման հարթակ
Կինոփառատոնի նպատակն է ոչ միայն ներկայացնել ժամանակակից կինոն, այլև մշակույթը դարձնել միջազգային համագործակցության, մասնագիտական կապերի և նոր նախաձեռնությունների ձևավորման գործիք։
Փառատոնի աջակիցներն են Մեղրիի համայնքապետարանը, Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և «Դարկ» ընկերությունը։
Փառատոնի ծրագիր:
Մրցութային ծրագրի ֆիլմերի հոլովակ:
Մրցութային ծրագրի մասնակիցների վերաբերյալ հոլովակ: