Քաղաքականություն

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն են հայտնում Գանձասար միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է․ 

«Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։

Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերն՝ ապարդյուն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։

Ուստի կոչ ենք անում խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին գործել այս պահի պատասխանատվությանը համապատասխան և զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել»։ 

Հայտարարության տակ ստորագրել են նախաձեռնության անդամներ Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Բորիս Նավասարդյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը։ 

Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել են Ղարաբաղում գտնվող Գանձասար և Դադիվանք, որտեղ Հաջիևը հայտարարել է թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում