Սերը՝ պատերազմի ժամանակ. թատերասերների դատին հանձնվեց «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» ներկայացումը
6 րոպեի ընթերցում

«Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» բեմադրությունը, որը սեպտեմբերի 14-ին ներկայացվեց հանդիսատեսին, «խոսում» է համամարդկային բարձր արժեքների՝ սիրո, հոգատարության, նվիրվածության մասին՝ հիշեցնելով, որ մարդուն մարդ է պետք, որ սերը չի ճանաչում ոչ մի սահման և ազգություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Ռեժիսորը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն է։ Նախորդ տարի Հարությունյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրել է «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացումը, ինչից հետո պրոդյուսեր Արման Միտոյանն առաջարկել է հրավիրված դերասաններով ներկայացում բեմադրել։

Նա խոստովանեց, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումից հետո որոշել է այլևս չանդրադառնալ պատերազմի թեմային։ Երբ ծանոթացել է «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» պիեսին, հասկացել է, որ այն պատերազմի մասին չէ, այն պատերազմի ընթացքում ծնված սիրո մասին է։ «Սա շատ դժվար թեմա է։ Այս պատմությունն աղերս չունի հայկական իրականության հետ։ Եթե մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ամեն օրն ապրի այնպես, ինչպես վերջին օրը, պատերազմներ չեն լինի։ Սա բարդ ու վտանգավոր թեմա է. գուցե շատերը սխալ ընկալեն։ Այստեղ թշնամուն սիրելու կոչ չկա, սա խաղաղության կոչ է»,-շեշտեց Լյուդվիգ Հարությունյանն ու հավելեց՝ իր հերոսները չունեն անուններ, չի նշվում գործողությունների վայրը։

Ռեժիսորի խոսքով՝ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ ներկայացումը դիտելիս կարող է մտածել, որ այն իր մասին է. մտածված է այդպես արվել։ «Մեր ցանկությունն ու մտահղացումն ազնիվ են։ Ինչպես հերոսներից մեկն է ասում՝ առաջին հերթին մարդու մեջ պետք է մարդ տեսնել։ Մի ամբողջ սերունդ ծնված օրից պատերազմ է տեսել. կլինի հայը, կլինի ռուսը... Մարդն իրավունք ունի ապրելու, շնչելու, սիրելու։ Պետք չէ նրա փոխարեն որոշել, թե ինչ անի և ինչի համար։ Սա համամարդկային թեմա է»,-ընդգծեց Հարությունյանը։

Անդրադառնալով ներկայացման վերնագրին՝ նա հիշեցրեց, որ Շեքսպիրի սիրված հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիետի սերը ևս անավարտ էր։
Լյուդվիգ Հարությունյանն առաջին անգամ է աշխատում դերասաններ Իննա Խոջամիրյանի, Ռուբեն Մուրադյանի և Արա Կարախանյանի հետ։ Նա շեշտեց, որ Ռուբեն Մուրադյանը կայացած արվեստագետ է, որը բալետում իր ասելիքն ասել է և ասում է, իսկ թատրոնի բեմում որպես դերասան առաջին փորձն է անում։ «Իննային շատ լավ ճանաչում եմ «Երկնագույն շան աչքերը» ներկայացումից։ Հետո խմբին միացավ Արամ Կարախանյանը, և երկար ամիսներ աշխատել ենք։ Այս ներկայացումը ոչ է ատելությանն ու պատերազմին»,-եզրափակեց նա։

Բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանը ներկայացման մեջ մարմնավորում է պատերազմող զինվորի, որը պոետ է, նուրբ հոգի ունի և դեմ է դաժանությանը, սակայն չի կարողացել դեմ գնալ հանգամանքներին։ Հենց նրա սրտում է ծնվում սերը գերու հանդեպ, որին փայփայում է, խնամում՝ վտանգի ենթարկելով սեփական կյանքը։

«Թող սենտիմենտալ չհնչի, բայց եթե նման իրավիճակում հայտնվեի, կվարվեի այնպես, ինչպես իմ հերոսը»,-ասաց նա և հավելեց՝ պիեսն առաջին անգամ ընթերցելիս այն իր «երակների միջով է անցկացրել» և հասկացել՝ սա պատմություն է սիրո մասին։
Նրա համար որպես թատրոնի դերասան բեմում հանդես գալը մեծ պատասխնատվություն է ոչ միայն հանդիսատեսի նկատմամբ, այլև իր պրոֆեսիոնալ ընկերների։ «Նրանք մարդիկ են, որոնք այս բնագավառում վաղուց իրենց խոսքն ասել են ու ամուր կանգնած են երկու ոտքի վրա և նրանց հետ ոչ միայն հաճույք էր աշխատելը, այլև առօրյան կիսելը։ Մենք բավականին շատ ճամփորդել ենք՝ բեմում փորձեր անելու նպատակով։ Այն ճանապարհը, որն անցել ենք, մեզ մեծ բավականություն է պատճառել։ Ոգևորված եմ ու սպասում եմ պրոֆեսիոնալների կարծիքին»,-նշեց Մուրադյանը։

Իննա Խոջամիրյանի կարծիքով՝ սա այն բացառիկ ներկայացումներից է, որոնց պարագայում բեմ բարձրանալուց առաջ անհանգստանալն արդարացված է։ «Այս պահին պատմելու բան չկա, որովհետև ինչ-որ բան սկսվեց, և ես ինձ «բռնեցի» այն մտքի վրա, որ զարմանում եմ, որ հիմա կավարտվի։ Շատ նուրբ ու խորքային թեմա է, շատ նուրբ տեղերով ենք քայլում, կարևոր հարցերի ենք անդրադառնում՝ փորձելով չանհատականացնել այդ ամենը»,-ընդգծեց դերասանուհին։

Արամ Կարախանյանի լուռ, սակայն խոսուն դերակատարումն ամբողջացնում է ներկայացումը։ Նա նշեց, որ իրեն շատ հոգեհարազատ է հերոսուհու մենախոսությունը, երբ վերջինս խնդրում է ուրախ բաներից խոսել՝ ասելով, որ հոգնել է։ «Դրանք որոշ չափով նաև իմ մտքերն են, շատերի մտքերն են, որովհետև շատերս ենք հոգնել։ Ինքս որոշել եմ, որ ընտրում եմ կյանքը, ընտրում եմ սերը։ Կյանքը ցավի մեջ անցկացնելը սարսափելի է, շռայլություն է։ Մենք այլ հնարավորություն չենք ունենա. չեմ ենթադրում, որ ինը կյանք եմ ապրելու։ Ես ունեմ մի կյանք և ցանկանում եմ վայելել այն»,-ընդգծեց դերասանն ու չբացառեց, որ ներկայացումը կարող էր այլ ավարտ ունենալ։
Պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, նկարչական ձևավորումը՝ Հրաչ Քեշիշյանի, պրոդյուսերն Արման Միտոյանն է։ Ներկայացումը Mitoyan Production-ի և Art Platform Production-ի համատեղ նախագիծն է: Աջակցել է Երևանի քաղաքապետարանը։
