ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնի վերադարձին
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Գոյ» թատրոնի վերադարձին՝ նշելով, որ «Գոյ»-ի անձնակազմի մի մասն այս պահին ստեղծագործում է, փորձեր է անում, շատ հաճախ հանդիպումներ է ունենում իր հետ, քննարկումներ ծավալում և հոկտեմբերի 12-ին պատրաստվում է պրեմիերայի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վիրաբյանը շեշտեց, որ իր համար նախընտրելի է քննարկում ունենալ այն մարդկանց հետ, որոնք ստեղծված իրավիճակում ստեղծագործելու ճանապարհ են գտել։
«Նրանք գտել են իրենց անունը պահելու մեթոդներ, ինքնամաքրվելու, հայհոյախոսությունից դուրս գալու ձևեր, ճանաչելու, թե ով ով է, ինչը ինչի համար է և մաքուր ձեռքերով մտնելու ստեղծագործական պրոցես։ Դա անում են այն մարդիկ, որոնք պահում են իրենց թատրոնը, անունն ու շարունակում են իրենց ղեկավարի ավանդույթները։ Այդ խումբը ստեղծագործելու լիարժեք իրավունք ունի, իրավունք ունի հանդես գալ այն բեմահարթակներում, որոնցում ցանկանում է, որովհետև այդ խմբի անդամները մարդիկ են, որոնք ոչ մի փոխհարաբերությունների, կոնֆլիկտի, դատական գործընթացների ընթացքում որևէ գիծ չեն անցել»,-ասաց փոխնախարարը։
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել էր՝ այն միավորելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ Կառավարության որոշումը վիճարկում էին դատարանում։
Շաբաթներ առաջ թատրոնի ստեղծագործական կազմի մի մասը հայտարարել էր, որ «Գոյ»-ը վերադառնում է։ Թատրոնը 2026-ի հոկտեմբերի 12-ին առաջնախաղով հանդես կգա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Հանդիսատեսին կներկայացվի իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի հանրահայտ «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա բեմադրված «Խելագարը» ներկայացումը։