Հայաստան

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

5 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի դատախազության համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ արդեն ունի տարիների պատմություն, ուստի դատախազությունը կարևորում է ՄԻՊ գրասենյակի կողմից կազմակերպվող  միջոցառումներին դատախազության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը հիմք է հանդիսանում հետևողական ու նպատակասլաց աշխատանքի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՄԻՊ-ի ու ԵԽ-ի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ մասնավորապես խտրականության հիմքով կատարվող հանցագործությունների քննության մեթոդաբանությանն ու արդյունքներին։

«Դեռ 2025 թվականին խնդրել էի, որպեսզի մեր ստորաբաժանումներից մեկը վերլուծություն կատարեր, թե մենք ընդհանրապես խտրականության հիմքով քանի վարույթ ունենք ՀՀ տարածքում։ Պարզվեց, որ խոսքն ընդամենը երեք վարույթի մասին է։ Դա չի նշանակում, որ այդ հանցագործությունը չկա, այլ ակնհայտ է, որ այդ տեսակի հանցագործությունը չենք տեսնում, ուստի ինձ համար մարտահրավեր դարձավ, որպեսզի դատախազության համակարգը սովորի տեսնել։ Դրա համար պետք է փոխենք մեր դիտանկյունը, բոլոր այն կրթական խողովակները, որոնցով մեր դատախազները շարունակական վերապատրաստումների են մասնակցում։ Ուրախ եմ, որ մենք բավականին դիվերսիֆիկացված գործընկերային քարտեզագրությամբ յոթ վերապատրաստումների ենք մասնակցել։ Թվով 24 դատախազներ մասնակցել են ԵԽ կողմից կազմակերպված կրթական միջոցառումներին, ինչը ոչ թե լոկ ֆորմալ մասնակցություն է, այլև նոր դիտանկյան ներմուծում դատախազական համակարգում»,- ասաց Վարդապետյանը։

Նա հավելեց, որ աշխատանքը վերապատրաստումներով չի ավարտվել։ Հավասարության խթանման և խտրականության բացառման ծրագրի շրջանակում ԵԽ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ դատախազությունը ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ նախարարների կոմիտեի հանձնարարականն է թարգմանել և պարտադիր հանձնարարականով տրամադրել է ՀՀ բոլոր դատախազներին, որպեսզի նրանք վարույթները հսկելիս՝ առաջնորդվեն այդ հանձնարարականներով։

«Բացի այդ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ թարգմանել ենք ուղեցույցներ, որոնք նույնպես տրամադրվել են բոլոր դատախազներին, և հետևողական ենք, որպեսզի դատախազական աշխատանքում այդ փաստաթղթերը կիրառվեն։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները ցույց տվեցին, որ մեր վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է, ինչը նշանակում է, որ դատախազները սկսել են տեսնել խտրականության հիմքով կատարվող հանցագործությունները։ Մենք նաև բավականին շատ կադրային փոփոխություններ ենք իրականացրել դատախազության համակարգում։ Իհարկե, շատ մեծ հարգանք ունենալով փորձառու դատախազների նկատմամբ, ովքեր աշխատել են այս համակարգում, մենք կարևորում ենք նաև նոր իրավաբանական գիտելիքի մուտքը համակարգ։ Մեր մասնագիտությունը շատ դինամիկ է, վերջին տարիներին առավել ևս, ուստի գործող դատախազները պարբերաբար պետք է վերապատրաստվեն կամ տեղը զիջեն որոշում կայացնող նոր դատախազներին»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Նա հավելեց, որ կանանց ներգրավվածության առումով նույնպես կա դինամիկ փոփոխություն։

«Խոսելով սեռային խտրականության հաղթահարման ուղիների մասին՝ կարող եմ ներկայացնել մեկ բաղադրատոմս․դա պրոֆեսիոնալ վերաբերմունքն է։ Պրոֆեսիոնալ հարաբերություններում ցանկացած սեռի հիմքով խտրականություն հաղթահարելու համար պետք է խոսել պրոֆեսիոնալ լեզվով, ինչը կրթական տեսանկյունից ամենակարևոր ելակետն է։ Ցանկացած տարբերություն, որ ունենք՝ սկսած սեռից, վերջացրած ազգային պատկանելությամբ, մեր ներդրումն է մեր մասնագիտական խարիզմայի մեջ։ Պրոֆեսիոնալիզմն այստեղ կարևոր գործիք է, որպեսզի կարողանանք բոլոր տեսակի խտրականությունները հաղթահարել։ Դատախազությունում նույն սկզբունքով ընտրվում են կին դատախազները»,- ասաց Վարդապետյանը։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում