Երկու ընկերոջ անկեղծ զրույցները՝ մշակութային բացահայտումների առիթ. լույս է տեսել Հովհաննես Այվազյանի՝ Տիգրան Մանսուրյանին նվիրված գիրքը
10 րոպեի ընթերցում

Թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության վաստակաշատ խմբագիր երջանկահիշատակ Հովհաննես Այվազյանի և կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ընկերությունn ավելի քան 35 տարվա պատմություն ունի: Ամեն բան սկսվել է մասնագիտական հետաքրքրությունից, սակայն գրի, գրականության, երաժշտության և առհասարակ արվեստի նկատմամբ սերը, բարոյական բարձր արժեքները մտերմացրել, ի վերջո բարեկամացրել են նրանց, ինչի արդյունքում Մանսուրյանն իր լրագրող ընկերոջն է վստահել իր խոհերը, հույզերը, հուշերն ու ուշագրավ պատմությունները:
Կենդանության օրոք Հովհաննես Այվազյանը մտադիր է եղել մեկ ամբողջական գրքով լույս ընծայել Տիգրան Մանսուրյանի հետ արված հարցազրույցները, հոդվածները. նրա գաղափարն իրագործել է դուստրը՝ Տիրուհի Նազարեթյանը, որն այդ ճանապարհին ակտիվ աշխատել է Մանսուրյանի հետ. միասին են հղկել, շտել, զրույցներում որոշ խմբագրումներ արել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ» սպասված գիրքը ընթերցասերների դատին հանձնվեց օգոստոսի 1-ին: Շնորհանդեսը տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Միջոցառումը մեկնարկեց համերգային ծրագրով, որի ընթացքում երգչուհի Շահանե Աղաքարյանն ու դաշնակահար Մերի Շարբաթյանը կատարեցին Մանսուրյանի ստեղծագործությունները՝ գրված Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի խոսքերի հիման վրա:
«Լինելով իր գործի նվիրյալը՝ Հովհաննես Այվազյանը երբեք չտրտնջաց դժվարություններից, երբեք և ոչ մի հարցում չընկրկեց և լուռ ու ջանասիրաբար, առանց իր անելիքն ի ցույց դնելու աշխատեց ու արարեց: Լրագրողական այս ճանապարհին Այվազյանը ծանոթացավ այնպիսի անհատների հետ, ինչպիսիք են Տիգրան Մանսուրյանը, Հրանտ Մաթևոսյանը, Համո Սահյանը, Աղասի Այվազյանը, Հենրիկ Մալյանը և այլք: Հիշատակելու արժանի է այն իրողությունը, որ դեռ երիտասարդ տարիքում 1978 թվականին, երբ Լոմոնոսովի անվան համալսարանի ուսանող էր, հայրս առիթ ունեցավ դառնալու իր կյանքի մայրամուտին հասած մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի վերջին զրուցակիցներից և հարցազրույց վերցնողներից մեկը: Ունենալով այս մեծերի ընկերակցությունն ու հարգանքը, սերը՝ զուսպ ու համեստորեն շարունակեց իր աշխատանքային գործունեությունը՝ արարեց և մեզ ու ապագա սերունդներին թողեց անգին գանձեր»,-ասաց Տիրուհի Նազարեթյանը:
Անդրադառնալով Տիգրան Մանսուրյանի հետ Այվազյանի ընկերությանը՝ լրագրողի դուստրն ասաց, որ նրանց միջև լրագրության միջոցով ստեղծված կապը ժամանակի ընթացքում վերածվել է տասնամյակների ընկերության, ջերմ բարեկամության:
«Հովհաննես Այվազյանի հետաքրքրությունը մաեստրոյի ստեղծագործության, նրա անձի և գործունեության նկատմամբ հանգեցրեց հարցազրույցների և հոդվածների շարքի: Գնահատելով Տիգրան Մանսուրյան երևույթին՝ Հովհաննես Այվազյանն աշխատել է ամեն կերպ կոմպոզիտորին և նրա ստեղծագործությունները ներկայացնել հանրությանն ու ապագա սերունդներին, փաստագրել նրա կյանքը, մտքերն ու մտորումները՝ ուսումնասիրության հարուստ նյութ տալով ինչպես երաժշտագետներին, այնպես էլ երաժիշտներին, երաժշտասերներին և, ինչու ոչ, ընթերցասեր լայն հասարակայնությանը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ գիրքը կարդալով՝ հնարավոր է բացահայտել Մանսուրյան մարդուն, կոմպոզիտորին, մտավորականին, գրականության գիտակին, չարենցագետին, հայոց լեզվի երաժշտին և Մանսուրյան հանճարին:
Տիրուհի Նազարեթյանը նախատեսում է ևս մեկ գիրք հրատարակել: Նրա խոսքով՝ եթե «Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ» գրքում լուրջ գիտական ու մասնագիտական հարցեր են քննարկվում, ապա առաջիկա գիրքը Տիգրան Մանսուրյանին ներկայացնելու է իր առօրյա կյանքում, իր բնավորության հետաքրքիր գծերով, հանճարին բնորոշ տարօրինակություններով, իր չակերտավոր թերություններով և առավելություններով: «Հայրս սիրում էր մեջբերել Սոս Սարգսյանի խոսքը՝ երանի մեզ, որ Մանսուրյանի ժամանակակիցներն ենք: Ես հավելեմ՝ հազար երանի ինձ, որ ոչ միայն Մանսուրյանի ժամանակակիցը եղա, այլև նրա ներկայությունն ու աջակցությունը վայելելու պարտավորությունն ունեցա»,-շեշտեց Նազարեթյանն ու շնորհակալություն հայտնեց մաեստրոյին իրեն հավատալու և վստահելու համար:
Տիգրան Մանսուրյանը, որը դահլիճում էր, խոստովանեց՝ այսօր իր կյանքում անսովոր օր է՝ ամփոփել գործնականում իր ճանապարհը հարթած և արդյունքի հասած մի աշխատանք, որը երկար տարիների մտերմության, ընկերության, մարդկային պարզ շփումների արդյունք է և դառնում է իրադարձային երևույթ: «Շատ հետաքրքիր է, որ ոչնչից հնարավոր է բան ստեղծել, եթե ստեղծողը մեկն է, որը Հովհաննես Այվազյան անունն ու ազգանունն ունի»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Այվազյանը լուռ էր, զուսպ, քչախոս: «Մենք ընկերություն էինք անում ամեն տեսակի տրամադրություններով, լրջությամբ, կատակներով, մարդկային հարաբերությունների ամեն տեսակի գունային համադրություններով: Շատ լավ ժամանակ ապրեցինք Հովհաննեսի հետ: Ես ապշում եմ նրա նկարագրի վրա, որը մի մեծ ճեղքվածքի վրա է գոյանում, ճեղքվածք, որի մի կողմում ծայրահեղ պարկեշտությունն է, զսպվածությունը, համեստությունը, թեև լրագրողի պարագայում համեստությունը մասնագիտության բաղկացուցիչ չէ, սակայն նա այդպիսին էր. երբեք առաջ նետվելու, ինքն իրեն ցուցադրելու, իր անձը կարևորության լույսի տակ դնելու ցանկություն չունեցավ, ինչը կարող ենք մինուս համարել, սակայն պլյուսը նրա աշխատանքն է, որն ապշելու է»,-ընդգծեց Մանսուրյանը:
Մաեստրոն նշեց՝ ինքը գրչի, լեզվի նկատմամբ մշտապես մեծ սեր է տածել: Մինչև երեսուն տարեկանն անգամ բանաստեղծություններ է գրել, որոնք հետո դեն է նետել, իսկ Այվազյանն առանց զարդանախշերի, ավելորդաբանությունների է գրել և լեզվի խոնարհ ծառայի դիրքերով է ամեն բան գրի առել: Մանսուրյանի սերը գրականության, լեզվի հանդեպ և Այվազյանի գրելու տաղանդն ու հետաքրքրություններն են նրանց մտերմացրել և երկարաշունչ զրույցների առիթ դարձել:
Երբ Մանսուրյանը մեկնել է արտերկիր շրջագայությունների, մշտապես Այվազյանի համար լրագրեր է բերել: Նա փայլուն տիրապետել է այդ մասնագիտական նյութերին ու տեղեկատվությանը, ինչի արդյուքնում Այվազյանի հարցադրումները խորքային են եղել, միտքը՝ վերլուծական: «Լինելով տեղյակ, սակայն երբեք իրեն երաժշտագետ չհամարելով, Այվազյանը չփորձեց անցնել սահմանագիծն ու ներկայանալ երաժշտագետի դիրքերից: Նրանն իսկապես հասարակական լայն հնչեղություն պահանջող և հետաքրքրություն ծնող լրագրողական հարցերն էին՝ լինեին արվեստի, խոհի, ստեղծագործական մղումների, այս կամ այն գործի ստեղծման, թե այլ հարցերի շուրջ»,-ասաց Մանսուրյանը:
Ելույթի վերջում մաեստրոն խոստովանեց՝ շատ ընկերներ ունի, սակայն իր համար առանձնահատուկ են եղել Հովհաննես Այվազյանն ու կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը, որոնց հետ, ինչպես ինքն է ասում, երկար հեռախոսազրույցրենով «ժամանակը քամուն է տվել»:
Գրքի նախաբանը գրել է երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող Աննա Արևշատյանը, որը Տիգրան Մանսուրյանի արվեստի խորագիտակ հետազոտողներից է և «Տիգրան Մանսուրյան» գրքի հեղինակը:
Արևշատյանի խոսքով՝ «Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ» գիրքը երկար ճանապարհ է անցել, և ինքը բարձր է գնահատում Տիրուհի Նազարեթյանի նվիրումն իր հոր՝ վաստակաշատ լրագրող Հովհաննես Այվազյանի աշխատանքի հանդեպ: Արևշատյանը կարծում է՝ Նազարեթյանը մեծ նախանձախնդրությամբ է աշխատել գրքի շուրջ: «Պետք է ուրախ լինել, որ նման գիրք է լույս տեսել: Ես չեմ հիշում մեր իրականության մեջ հարցազրույցների գիրք որևէ խոշոր արվեստագետի մասին, այնինչ այդ ավանդույթը բավականին արմատացած է Արևմուտքում: Սա մի նոր ավանդույթի սկիզբ է, որ, հույս ունեմ, կունենա իր շարունակությունն ու լավ օրինակ կծառայի մյուս լրագրողների, երաժշտագետների համար՝ ձեռնարկելու նմանատիպ աշխատություններ»,-ասաց Արևշատյանը:
«Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ» գրքում ներառված զրույցները տպվել են հայաստանյան պարբերական մամուլում: Գիրքը սկսվում է «Ունկնդրում է աշխարհը» բաժնով։ Այդտեղ միջազգային մամուլի անդրադարձներն են Մանսուրյանին և նրա ստեղծագործություններին։ Հովհաննես Այվազյանն այդ կարծիքների ծաղկաքաղ է կազմել։
Գիրքը նաև ներդիր ունի, որում ընդգրկված են կոմպոզիտորի լուսանկարներն ընտանիքի անդամների, հետաքրքիր ու հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուշագրավ են նաև Հովհաննես Այվազյանի՝ Տիգրան Մանսուրյանի և Համո Սահյանի, Մանսուրյանի և Հրանտ Մաթևոսյանի և այլոց համատեղ հարցազրույցները։ Զրուցակիցները, որոնցից յուրաքանչյուրը հեղինակություն է իր ոլորտում, զրույցների ընթացքում քննարկումներ են ծավալել երաժշտության, Կոմիտասի, գրականության և մշակույթի այլ ոլորտների շուրջ, հայտնել են տեսակետներ, որոնք հետաքրքիր են նաև մեր օրերում։
