Հայաստան

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

4 րոպեի ընթերցում

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները շարունակել են ավելանալ բարձր տեմպերով՝ հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրանցելով շուրջ 14.9% աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի զեկույցում։

«Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը, ինչին նպաստում է նաև վերջին շրջանում ընդլայնված գնաճային միջավայրը։ Այդուհանդերձ, տարեսկզբից նկատվող հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարձրացման ազդակները, հավանաբար, վկայում են նաև հարկային վարչարարության բարելավման մասին։

Հարկային եկամուտների ընթացիկ գերակատարումը, այդ թվում՝ վերանայված ծրագրային ցուցանիշների նկատմամբ, զգալիորեն մեղմում է կենսաթոշակների և սոցիալական ծախսերի աճի արդյունքում պակասուրդի ընդլայնման ռիսկերը։

Պետական բյուջեի ծախսերը շարունակում են թերակատարվել՝ հիմնականում արտահայտելով կապիտալ ծախսերի ցածր կատարողականը։ Ընթացիկ ծախսերի մասով ևս առկա է որոշակի թերակատարում, որը, սակայն, առավելապես պայմանավորված է տոկոսավճարների ցածր կատարողականով, մինչդեռ սոցիալական և առողջապահական ծախսերը շարունակում են աճել բարձր տեմպերով։

Մասնավորապես, առողջության համընդհանուր ապահովագրության ուղղությամբ արդեն իսկ իրականացվել է տարեկան պլանավորված ծախսերի շուրջ 80%-ը։ Չնայած շահառուների թվի աճին, նույնիսկ ծախսերի ընթացիկ տեմպերի պահպանման պայմաններում, պլանավորված հատկացումների գերազանցման և, հետևաբար, ընթացիկ ծախսերի՝ սպասվածից ավելի բարձր մակարդակի ձևավորման ռիսկերը առարկայական են»,- նշված է զեկույցում։

Հաղորդվում է նաև, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում սոցիալական բնույթի ծախսերի զգալի ավելացումը, հաշվի առնելով այդ ծախսերի՝ սպառման վրա ուղիղ և արագ ազդեցությունը, հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկեր է պարունակում։

Միևնույն ժամանակ, ՌԴ կողմից արտահանման սահմանափակումների պայմաններում, տնտեսության առավել տուժող հատվածների աջակցությանն ուղղված ծրագրեր արդեն իսկ իրականացվում են, սակայն դրանց ծավալները ներկայումս էական չեն, իսկ ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների, այդ թվում՝ բյուջետային աջակցության դրամաշնորհների առկայությունը մեղմում է բյուջեի վրա դրանց ազդեցությունը։

«Այդուհանդերձ, սահմանափակումների առավել տևական կամ ընդգրկուն բնույթի դեպքում աջակցության ծրագրերի ընդլայնման և լրացուցիչ ծախսերի անհրաժեշտությունը կարող է մեծանալ՝ հարկաբյուջետային սահմանափակ տարածքի պայմաններում ճնշումներ ձևավորելով բյուջեի պակասուրդի և պետական պարտքի հետագծի, հետևաբար նաև երկրի ռիսկի հավելավճարի վրա։

Մյուս կողմից` պայմանավորված կապիտալ ծախսերի կառուցվածքի զգալի փոփոխությամբ՝ դրանց կատարման և տնտեսության վրա ազդեցության շուրջ մեծ անորոշությունը պահպանվում է: Չնայած ՀՀ տնտեսության ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծախսերի որոշակի աճին և կատարողականի աստիճանական բարձրացմանը, լայնածավալ կապիտալ ծախսեր կատարելու կարողությունների սահմանափակության պայմաններում, այդ ծախսերի թերկատարման, հետևաբար՝ նաև պահանջարկի վրա ավելի թույլ ազդեցության ռիսկերը պահպանվում են»,- նշված է զեկույցում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում