Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ
3 րոպեի ընթերցում

2026 թվականի երկրորդ եռամսյակում մասնավոր սպառման աճը ձևավորվել է բարձր մակարդակում՝ շարունակելով գերազանցել տնտեսական աճի տեմպերը և կազմելով 7.8%։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի զեկույցում։
Նշվում է, որ մասնավոր սպառման նպաստումը տնտեսական աճին կազմել է 5.4 տոկոսային կետ: Սպառողական բարձր ակտիվության ձևավորմանը դրական են նպաստում եկամուտների աճը՝ այդ թվում պայմանավորված Կառավարության կողմից սոցիալական բնույթի ծախսերի զգալի ավելացմամբ, ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների գների շարունակական աճն ու բարձր մակարդակներում ձևավորումը, ինչպես նաև, հավանաբար, ապագայի նկատմամբ ավելի լավատեսական սպասումների ձևավորումը՝ արտահայտվելով նախորդ ժամանակահատվածում կուտակված խնայողությունների ծախսով և վարկավորման բարձր աճի տեմպերով։
«2026 թվականի երկրորդ եռամսյակում զգալիորեն արագացել է համախառն ներդրումների աճը՝ կազմելով տ/տ 9․0%: Վերջինիս շարունակում է էական նպաստում ունենալ շինարարության ճյուղի առաջանցիկ աճը։ Այդուհանդերձ, վերջին ամիսներին նկատվում է նաև կապիտալ ապրանքների ներմուծման աճի կտրուկ արագացում՝ արտացոլելով նաև ԱԲ գործարանների կառուցման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծումը:
Ներքին պահանջարկի հեռանկարի շուրջ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ ներքին պահանջարկը և դրանից ածանցվող գնաճային ճնշումները կարող են ընդլայնվել՝ պայմանավորված եկամուտների ավելացմամբ, ակտիվների գների աճով և վարկավորման ընթացիկ միտումների տևական պահպանմամբ՝ հաշվի առած նաև վարկավորման պայմանների աստիճանական թուլացումը:
Միաժամանակ, ՀՀ շուրջ աշխարհաքաղաքական դրական զարգացումների պայմաններում, տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակումը կարող է բարելավել ներդրումային միջավայրը՝ նպաստելով տնտեսական ակտիվության ավելացմանը:
Միաժամանակ, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոնները, այդ թվում՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներն ու դրանց հեռանկարի շուրջ անորոշությունների աճը, կարող են բացասաբար ազդել թե՛ սպառման, թե՛ ներդրումների հանդեպ տրամադրվածության վրա:
Ավելին՝ ՌԴ տնտեսության ընթացիկ դիրքի և միջնաժամկետ հեռանկարի վերաբերյալ մեծ անորոշությունն ու միգրացիոն քաղաքականության աստիճանական խստացումը կարող են զսպել դեպի ՌԴ սեզոնային աշխատանքային հոսքերը՝ կրճատելով դրամական փոխանցումների ներհոսքը՝ միաժամանակ նպաստելով նաև ՀՀ-ում աշխատուժի առաջարկի աճին և առավելապես գնանկումային ռիսկերի ձևավորմանը: Մասնավոր սպառումը մնում է տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը»,- նշված է զեկույցում։