ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ
12 րոպեի ընթերցում

Հայաստանում արհեստական բանականության հաշվողական խոշոր ենթակառուցվածքների ձևավորումն առաջիկա տարիներին կարող է էական ազդեցություն ունենալ ներդրումների, արտաքին առևտրի, էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի և տնտեսության արտադրական կարողությունների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի զեկույցում։
«Վերջին ամիսներին Հայաստանում արդեն իսկ գործարկվեցին առաջին ԱԲ գործարանները, որոնց գծով ընդհանուր ներդրումների ծավալը հասնում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի, իսկ գործառնական փուլում արտահանումը ՀՆԱ-ում կարող է կազմել մինչև 0.6-1.0%։ Այդուհանդերձ, այս նախագծերի հայտարարված ընդլայնման դեպքում տեղակայված հաշվողական հզորությունները կարող են աճել ներկայիս շուրջ 6 հազար GPU-ից մինչև 50–70 հազ. և ավելի, իսկ էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ շուրջ 15-18 ՄՎտ-ից մինչև 300–400 ՄՎտ, որոնց մակրոտնտեսական ազդեցությունները կարող են զգալիորեն ավելի մեծ լինել։
Նախագծի մակրոտնտեսական ազդեցությունը տարբեր է կառուցման և գործառնական փուլերում։ Կառուցման փուլում նմանատիպ բարձր կապիտալատար նախագծերը տարբերվում են առավել ավանդական ներդրումային ծրագրերից նրանով, որ կապիտալ ծախսերի զգալի մասը բաժին է ընկնում ներմուծվող բարձրարժեք տեխնոլոգիական սարքավորումներին։ Այս համատեքստում, ներդրումների աճը մեծ մասամբ ուղեկցվում է ներմուծման աճով և միայն սահմանափակ չափով է վերածվում Հայաստանում ստեղծվող ավելացված արժեքի։
Վերջինս ձևավորվում է հիմնականում շինարարության, մասնագիտական ծառայությունների, աշխատավարձերի և տեղական մատակարարումների միջոցով: Ներմուծման առաջանցիկ աճը նաև ժամանակավորապես կխորացի ընթացիկ հաշվի պակասուրդը, հատկապես սկզբնական փուլում, երբ ծառայությունների համապատասխան արտահանման հոսքերը դեռևս ամբողջությամբ չեն նյութականացվել», - ասվում է զեկույցում։
Ներմուծման աճի արտաքին ազդեցությունը կախված է նաև դրա ֆինանսավորման աղբյուրից։ Արտաքին սեփական կապիտալի (օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով) կամ պարտքային ֆինանսավորման դեպքում սարքավորումների ներմուծմանը զուգահեռ ֆինանսական հաշվում ձևավորվում է համապատասխան կապիտալի ներհոսք, իսկ հետագա փուլերում կարող է ձևավորվել ներդրումային եկամուտների արտահոսք։
Գործառնական փուլում նախագծի հիմնական ազդեցություններն աստիճանաբար ձևավորվում են ծառայությունների արտահանման, արտարժութային հոսքերի և էլեկտրաէներգիայի պահանջարկի մեծացման միջոցով։ Հաշվողական ծառայությունների արտահանման ծավալի շուրջ անորոշությունը զգալի մեծ է և կախված է տեղադրված GPU-ների քանակից, դրանց օգտագործման մակարդակից և իրացման գնից։ 70 հազ. GPU-ի, 70% հզորության օգտագործման, 6 ԱՄՆ դոլար/GPU-ժամ գնի և 90% արտահանման կշռի պայմանական սցենարում ծառայությունների արտահանումը կարող է կազմել շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է 2025 թվականի ՀՀ ծառայությունների արտահանման շուրջ 40%-ին։
«Սակայն, այս գնահատականը պետք է մեկնաբանել որպես հնարավոր մասշտաբի ցուցիչ, այլ ոչ կանխատեսում։ Նույն՝ 70 հազ. GPU-ի և 4–8 ԱՄՆ դոլար/GPU-ժամ գնի միջակայքում արտահանման պայմանական գնահատականը կարող է տատանվել մոտ 1.3-3.5 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում»,- նշված է զեկույցում։
Հավելվում է, որ այսպիսով՝ նախագծի արտաքին ազդեցությունը զգալիորեն կախված է ոչ միայն տեղադրված ֆիզիկական հզորությունից, այլ նաև դրա օգտագործման ինտենսիվությունից և վաճառքի փաստացի գնից։
«Այդուհանդերձ, չնայած ներկայացված մասշտաբներին, անհրաժեշտ է հաշվի առնել այս գործունեության հետ կապված առանձնահատկությունները։ Այսպես, ծառայությունների արտահանման բարձր ծավալները չեն ենթադրում տնտեսությունում համարժեք չափով ազգային եկամտի աճ։ Եթե արտադրությունն իրականացվում է Հայաստանում, ստեղծված ավելացված արժեքն ընդգրկվում է ՀՀ ՀՆԱ-ում՝ անկախ ընկերության սեփականության կառուցվածքից։ Միաժամանակ, ոչ ռեզիդենտ սեփականատերերին պատկանող շահույթը և այլ ներդրումային եկամուտները վճարային հաշվեկշռում արտացոլվում են որպես առաջնային եկամտի արտահոսք, ինչի հետևանքով Համախառն ազգային եկամտի (ՀԱԵ) աճը կարող է էապես զիջել ՀՆԱ-ի աճին։
Հայաստանում պահպանվող եկամուտը հիմնականում ձևավորվում է ռեզիդենտների աշխատավարձերի, տեղական մատակարարների և էլեկտրաէներգետիկ հատվածի ավելացված արժեքի, հարկային մուտքերի և ռեզիդենտներին պատկանող շահույթի միջոցով։ Միևնույն ժամանակ, ներմուծվող գործառնական ծառայությունները, անհրաժեշտության դեպքում էներգակիրների ներմուծումը, նվազեցնում են Հայաստանում ստեղծվող զուտ ավելացված արժեքը, իսկ սարքավորումների պարբերական փոխարինումը և ոչ ռեզիդենտներին վճարվող առաջնային եկամուտները սահմանափակում են ընթացիկ հաշվի վրա զուտ դրական ազդեցության չափերը։
Հայաստանում ստեղծվող ավելացված արժեքի չափերի տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի նաև էներգետիկ համակարգի առաջարկը՝ լրացուցիչ պահանջարկը սպասարկելու և համապատասխան հզորություններ ձևավորելու կարողության առումով: Հայտարարված ամբողջական մասշտաբում 300–400 ՄՎտ շարունակական պահանջարկը համադրելի է ՀՀ ներկայիս տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 27–36%-ին։ Եթե այդ պահանջարկին ի պատասխան ձևավորվեն նոր արտադրական հզորություններ, ցանցային ենթակառուցվածքներ և պահեստավորման այլ լուծումներ, նախագիծը կարող է խթանել նաև էներգետիկ հատվածում լրացուցիչ ներդրումներն ու ներքին ավելացված արժեքի ստեղծումը։ Հակառակ դեպքում, առաջարկի սահմանափակ ճկունության պայմաններում, կարող են ուժեղանալ ընդհանուր գնաճային ճնշումներն այս հատվածում, ինչպես նաև այլ սպառողների դուրսմղման ռիսկերը։ Միաժամանակ, լրացուցիչ արտադրության եղանակից կախված (ջերմային էներգիա)՝ ծառայությունների արտահանման դրական ազդեցության մի մասը կարող է «չեզոքացվել» էներգիայի ներմուծման ընդլայնման հաշվին»,- նշված է զեկույցում։
Տեղեկանում ենք, որ Հայաստանում պահպանվող եկամտի կարևոր բաղադրիչ կարող են լինել նաև հարկային մուտքերը։ 70 հազ. GPU-ի դեպքում շուրջ 2.6 մլրդ ԱՄՆ դոլար պայմանական տարեկան հասույթի (որից՝ 90% արտահանման կշռի պայմաններում շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլարը ծառայությունների արտահանումն է), պայմանական 40% շահույթի մարժայի և 20% դրույքաչափի պարագայում շահութահարկը կարող է կազմել մոտ 75 մլրդ դրամ, որը համարժեք է 2025 թվականի հարկային եկամուտների մոտ 3%-ին կամ ՀՆԱ-ի շուրջ 0.7%-ին։
«Սակայն այս գնահատականը զգալիորեն կախված է գործառնական ծախսերից, մաշվածքից, ֆինանսավորման արժեքից և փաստացի հարկվող բազայից: Միաժամանակ, նախագծի բարձր կապիտալատարության պայմաններում զբաղվածությունից և աշխատավարձերից ձևավորվող լրացուցիչ հարկային մուտքերը կարող են համեմատաբար սահմանափակ լինել։ Հետևաբար, հարկաբյուջետային տեսանկյունից հիմնական անորոշությունը կապված է նախագծի փաստացի շահութաբերության, հարկվող բազայի, ձևավորվող հարկային եկամուտների չափի և դրանց օգտագործումից բխող ներքին պահանջարկի ազդեցության հետ։
Այդուհանդերձ, նշված կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը կարող է էապես ավելի նշանակալի լինել՝ կախված նրանից, թե նախագծի գործարկման արդյունքում որքան լրացուցիչ կապիտալ, մասնագիտացված ծառայություններ, հմտություններ և արտադրական կարողություններ են ձևավորվում, և որքանով են դրանք տարածվում տնտեսության այլ հատվածներում։ Այս տեսանկյունից կարելի է առանձնացնել տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի երեք տիպային սցենար»,- նշված է զեկույցում։
Այնուհետև, հեղինակները ներկայացնում են այդ սցենարները․ «Արտահանման անկլավի սցենար. Նախագիծը կարող է գործել որպես բարձր կապիտալատար, արտահանմանն ուղղված արտադրական «անկլավ»՝ սահմանափակ զբաղվածության ազդեցությամբ և տնտեսության այլ հատվածների հետ ոչ նշանակալի փոխազդեցությամբ։
Այս դեպքում ներուժային աճի լրացուցիչ ազդեցությունը հիմնականում ձևավորվում է հենց նախագծի շրջանակում իրականացվող կապիտալ ներդրումներից, որը ներդրումային փուլի ավարտից հետո աստիճանաբար թուլանում է, իսկ արտադրողականության աճի ազդեցությունը մնում է ոչ նշանակալի։ Հետևաբար, կապիտալի ինտենսիվ կուտակման փուլում ՀՆԱ-ի բարձր աճը կարող է արտացոլել տնտեսության արտադրական ներուժի ընդլայնումը, որի պայմաններում դրա գնաճային ազդեցությունները կարող են լինել առավել սահմանափակ։
Մասնակի ինտեգրման սցենար. Firebird-ի գործունեությունը կարող է խթանել հարակից ոլորտների ներդրումները՝ հատկապես էլեկտրաէներգետիկ, ցանցային և թվային ենթակառուցվածքներում, ինչպես նաև տեղական տեխնիկական, տվյալների կառավարման, կիբերանվտանգության և այլ մասնագիտացված ծառայությունների զարգացումը։ Այս դեպքում ազդեցությունը դուրս է գալիս նախագծի սեփական կապիտալի շրջանակից, սակայն արտադրողականության աճը դեռևս հիմնականում կենտրոնացած է Firebird-ին անմիջականորեն առնչվող ոլորտներում։
ԱԲ կլաստերի սցենար. Firebird-ի շուրջ ձևավորված ենթակառուցվածքները, հմտությունները և մասնագիտացված կարողությունները աստիճանաբար տարածվում են տնտեսության ավելի լայն հատվածներում՝ նպաստելով նոր տեխնոլոգիական ընկերությունների և ԱԲ էկոհամակարգի զարգացմանը, հետազոտական ու կրթական կապերի խորացմանը, ինչպես նաև ԱԲ լուծումների ավելի լայն կիրառմանը։ Այս դեպքում նախագծի ազդեցությունը չի սահմանափակվում հարակից ոլորտներում կապիտալի կուտակմամբ․ ձևավորվում է նաև ընդհանուր գործոնային արտադրողականության առավել լայնամասշտաբ և կայուն աճ, որի արդյունքում ներուժային աճի վրա ազդեցությունը կարող է լինել ավելի տևական»։
Ամփոփելով` հեղինակները նշում են, որ Firebird-ի հնարավոր մակրոտնտեսական ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն նախագծի հայտարարված մասշտաբներից, այլև դրա ֆինանսավորման աղբյուրներից, ներմուծման ինտենսիվությունից, սեփականության կառուցվածքից, էներգետիկ համակարգի կարողություններից և ՀՀ տնտեսության ներսում ինտեգրման խորությունից։ Կարճաժամկետում նախագիծը կարող է դրսևորվել հիմնականում որպես ներդրում–ներմուծում շոկ, գործառնական փուլում՝ որպես ծառայությունների արտահանման և էլեկտրաէներգիայի պահանջարկի շոկ, իսկ երկարաժամկետում հիմնական անորոշությունը կապված է այն բանի հետ, թե որքանով կապիտալի կուտակումը կվերածվի արտադրողականության և ներուժային աճի:
«Այս առումով, նախագծի իրականացման ընթացքին զուգահեռ, դրամավարկային քաղաքականության տեսանկյունից, անհրաժեշտ է մշտադիտարկել հնարավոր ազդեցությունները ներքին պահանջարկի, արտաքին անհավասարակշռվածությունների և տնտեսության արտադրական ներուժային աճի ճիշտ մեկնաբանման առումով»,- նշված է զեկույցում։