«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները
3 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 15-ին կայացած նիստում հաստատել է Հիմնադրամի զարգացման նոր ռազմավարական ուղղությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիմնադրամից, նիստը վարել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստին մասնակցել են Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Սփյուռքի համահայկական կառույցների ներկայացուցիչներ և հրավիրված հյուրեր։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է զարգացման եռամյա ռազմավարությունը, դրա իրականացման ճանապարհային քարտեզը և ծրագրային հիմնական առաջնահերթությունները։
Ներկայացված ռազմավարությունը կառուցված է չորս փոխկապակցված ուղղությունների շուրջ՝ ռազմավարական զարգացում, կազմակերպական զարգացում, Հայաստան–Սփյուռք համագործակցության էկոհամակարգի զարգացում, ինչպես նաև ֆինանսական և գործառնական կառավարման արդյունավետության բարձրացում։
Ռազմավարական քննարկմանը նախորդել է Հիմնադրամի ռազմավարական ծրագրերի մշակման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված ժամանակավոր հանձնախմբի աշխատանքի արդյունքների ներկայացումը։ Հանձնախմբի իրականացրած աշխատանքը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է հանձնախմբի անդամ Պետրոս Թերզյանը։ Խորհուրդը քննարկել է նաև հանձնախմբի գործունեության ժամկետի երկարաձգման և հետագա լիազորությունների հարցը։
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև Հիմնադրամի գործադիր մարմնի առաջարկվող նոր կառուցվածքը, գործառույթների և պատասխանատվությունների բաշխումը, որոշումների կայացման ու հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև նախատեսվող կազմակերպական փոփոխությունները։ Քննարկվել է նաև 2027–2029 թվականների գործունեության բյուջեի նախագիծը։
Հաստատված ռազմավարական ուղղությունները նպատակ ունեն Հիմնադրամի գործունեությունը կառուցել երկարաժամկետ պլանավորման, արդյունավետ կառավարման և արդյունքների չափելիության սկզբունքների վրա։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանն ընդգծել է, որ ներկայացված ռազմավարությունը համատեղ աշխատանքի արդյունք է և շնորհակալություն հայտնել Հոգաբարձուների խորհրդին՝ ցուցաբերած վստահության համար։
Հոգաբարձուների խորհրդի ընդունած որոշումներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ՝ կենտրոնանալով ավելի ուժեղ կազմակերպական կարողությունների, հստակ պատասխանատվության, թափանցիկ կառավարման և կայուն ազդեցություն ապահովող ծրագրերի վրա։