ՀՀ նախագահ

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել COP17-ի շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար:

Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Ղրղզստանի քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը: Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և կխթանի հետագա համագործակցության հստակ ուղղությունները: Հանրապետության նախագահը կարևորել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը գործնական արդյունքներում և համատեղ ծրագրերում:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար`շեշտելով այցը ինչ-որ առումով պատմական է, քանի որ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Զրուցակիցները հատուկ արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը՝ վերահաստատելով պատրաստակամությունը կառուցողական գործընկերության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակման շարունակման վերաբերյալ:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի խորացմանը: Կողմերը նշել են, որ առկա է զգալի ներուժ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

Ընդգծվել է ընդհանուր կարողությունների արձանագրումից հստակ ծրագրերի ու նախագծերի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, որոնք կապահովեն ապրանքաշրջանառության աճ, գործարար շփումների ակտիվացում և ներդրումային համագործակցության ընդլայնում:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում