Հայաստան

ՀՀ Անկախության հռչակման տոնակատարությունների շրջանակում Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Tricolor» Gyumri Run-ը

2 րոպեի ընթերցում

ՀՀ Անկախության հռչակման տոնակատարությունների շրջանակում Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Tricolor» Gyumri Run-ը

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տոնակատարությունների շրջանակում առաջին անգամ Գյումրիում կանցկացվի միջոցառումների շարք, որը կմիավորի առողջ ապրելակերպը, սպորտը, ազգային մշակույթը, ժամանակակից երաժշտությունն ու քաղաքային ժամանցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղից տեղեկացրին, որ ծրագրի մեկնարկը կտրվի «Tricolor» Gyumri Run-ով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 12:00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ միջոցառումը միայն վազքի մրցույթ չէ, այլ քաղաքային մեծ տոն։ Մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու 1, 2, 5 կամ 10 կմ երկարությամբ վազքուղիներ։ Վազքին կմասնակցեն ինչպես պրոֆեսիոնալ վազորդներ, այնպես էլ սկսնակներ, ընտանիքներ և առողջ ապրելակերպի կողմնակիցներ։ Վազքուղին անցնելու է Գյումրու պատմական կենտրոնի փողոցներով։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ սա Գյումրիում երբևէ անցկացված ամենախոշոր վազքարշավն է։

««Tricolor» Gyumri Run-ի նպատակն է խթանել զանգվածային սպորտի զարգացումն ու առողջ ապրելակերպը, արժևորել և հանրահռչակել ՀՀ պետական տոներն ու խորհրդանշանները, ինչպես նաև զարգացնել մարզային զբոսաշրջությունը՝ մասնակիցներին ծանոթացնելով Գյումրու պատմամշակութային ժառանգությանը։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են նաև մշակութային և ժամանցային ծրագրեր։ Նախաձեռնությանը միացել են Գյումրու թանգարանները, պատկերասրահներն ու ժամանցի վայրերը, որոնք միջոցառման մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու քաղաքի մշակութային կյանքին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Վազքարշավը կունենա նաև սոցիալական և բարեգործական բաղադրիչ։ Հայ օգնության ֆոնդի «Ayo!» հարթակի աջակցությամբ հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների համար անվճար ֆիզիոթերապիայի կազմակերպմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ ունի սպորտային միջոցառումը վերածել քաղաքային տոնի՝ միաժամանակ նպաստելով Գյումրիի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, զբոսաշրջության զարգացմանն ու սոցիալական ծրագրերի իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում