Մշակույթ

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

6 րոպեի ընթերցում

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

Ականավոր նկարիչ Վարդգես Սուրենյանից «Լքյալը» կտավը, որը հեղինակը վրձնահարել է 130 տարի առաջ, առաջին անգամ «այցելեց» նկարչի հայրենիք՝ Հայաստան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստասերները կարող են կտավին ծանոթանալ «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ Հայաստան եկած «Լքյալը» (1894) ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է։ Միաժամանակ առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվել են Համիդյան ջարդերի շուրջ Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երկու կտավ ևս՝ «Ոտնահարված սրբություն»-ը (1895) և «Ջարդից հետո»-ն (1898)։

Համադրող Վիգեն Գալստյանի խոսքով՝ ցուցադրությունը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել Սուրենյանցի՝ որպես հեղափոխական արվեստագետի մասին, թույլ է տալիս հասկանալ և ըմբռնել նրա արվեստը ոչ թե զուտ որպես գեղարվեստական արժեք, այլև հասարակական գործունեություն, քանի որ այս գործերով Սուրենյանցը ոչ թե տեղծել է ռեալիստական արվեստի նմուշներ, այլև բարձրաձայնել է ողբերգական, պատմական իրավիճակի ամբողջ սրությունը միջազգային շրջանակներում։

«Այս կտավն առաջին անգամ ցուցադրվել է «Պերեդվիժնիկներ»-ի խմբի 22-րդ ցուցահանդեսում, ինչից հետո այն գնել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիայի նախկին փոխտնօրենը, իսկ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո, ինչպես և հազարավոր աշխատանքներ, կտավն ազգայնացվել է և փոխանցվել է Ռուսական արվեստի թանգարան, իսկ 1930-ականներին՝ բխելով խորհրդային իշխանությունների՝ մշակութային ապակենտրոնացման ծրագրերից՝ այն փոխանցվել է Ղազախստանի պետական արվեստի թանգարանին։ Այդ օրվանից այդ թանգարանի մշտական ցուցադրությունում է»,-պատմեց համադրողը։

Նա անդրադարձավ նաև նկարի բովանդակությունը՝ շեշտելով, որ կոմպոզիցիայի կենտրոնական մաս է կազմում Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը, որն այժմ Հայաստանի պատմության թանգարանում է, սակայն ցուցադրության շրջանակում ներկայացվում է պատկերասրահում, ինչը հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես է մեծանուն արվեստագետն օգտվել միջնադարյան արվեստի հայկական ժառանգությունից, որպեսզի անդրադառնա իր ժամանակաշրջանի քաղաքական իրադարձություններին։

««Լքյալը» ոճական առումով շատ մոտ է 19-րդ դարի ռեալիստական արվեստի ընդհանուր ուղղվածություններին։ Այն ունի լուսանկարչական ճշգրտությամբ վավերագրական հավաստիությանը ձգտող պատկերավորում։ Հեռվից նայելիս կարող է թվալ, որ լուսանկար է. այն շատ կենդանի աշխատանք է։ Ժամանակի քննադատներն արվեստագետին մեղադրում էին չափազանց լուսանկարչական մոտեցման համար։ Այս կտավը շատ բարդ մտավոր աշխատանքի արդյունք է, ոչ թե հստակ դրվագի վերապատկերում։ Սուրենյանցն ամեն բան մանրակրկիտ է արել»,-ասաց նա։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործություններ։

Թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը շեշտեց, որ Սուրենյանցի գլուխգործոցը Հայաստանում ցուցադելու համար տասյակ տարիներ աշխատանքներ են տարվել։ «Կտավը ստեղծվել է հայ ժողովրդի համար ողբերգական պատմական իրադարձությունների համատեքստում, սակայն Վարդգես Սուրենյանցի հանճարը նրանում էր, որ նա այդ տրավման վերհանել է և հասցրել է համամարդկային հարթության։ «Մարդկության դմեքը» խորագիրը պատահական չէ ընտրված. երբ դիտեք ցուցադրությունը, կնկատեք, որ կենտրոնում մարդն է՝ որպես բարձրագույն և բացարձակ արժեք։ Մեզանից յուրաքանչյուրն է այն հերոսը, որը պատկերված է կտավներում, մեզանից յուրաքանչյուրն է մարդկության դեմքը և մեզանից յուրաքանչյուրն է պատասխանատու պատմական տարբեր իրողությունների համար»,-նշեց Հակոբյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հուզական համարեց այն փաստը, որ Սուրենյանցի «Լքյալը» և «Սալոմե» գլուխգործոցները «հանդիպել են»։ «Կարևոր են նաև հայ-ղազախական հարաբերությունները, որոնք արագ են զարգանում։ 2024-ին Հայաստանում անցկացվեցին ղազախական օրեր, իսկ 2025-ին Հայաստանի մշակույթի օրեր անցկացվեցին Ղազախստանում։ Այս մշակութային միջոցառումը ևս կարևոր կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,-ընդգծեց փոխնախարարը։ 

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» ցուցահանդեսը կգործի մինչև 2027-ի մարտի 16-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում