Հասարակական

«Արմենպրես»-ի տնօրենը Պրահայում հյուրընկալվել է Չեխիայի լրատվական գործակալությունում, հանդիպել գլխավոր տնօրենին

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի տնօրենը Պրահայում հյուրընկալվել է Չեխիայի լրատվական գործակալությունում, հանդիպել գլխավոր տնօրենին

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը Պրահայում այցելել է Չեխիայի լրատվական գործակալություն (ČTK), հանդիպել գործակալության գլխավոր տնօրեն Յարոսլավ Կաբելեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղություններն ու ձևաչափերը։

Նարինե Նազարյանը և Յարոսլավ Կաբելեն քննարկել են ČTK-ի նորարարական և տեխնոլոգիական գործունեության հիմնական առանձնահատկությունները։ ČTK-ն երկար տարիներ հետևողականորեն զարգացնում է թվային փոխակերպումը՝ տարիներ շարունակ կիրառելով նորությունների ավտոմատացված աշխատանքային գործիքներ և իր աշխատակիցների համար մշակելով արհեստական բանականության կիրառման ուղեցույցներ։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ են առանձնացրել՝ խմբագրական համակարգերի արդիականացումից մինչև բազմալեզու հրապարակումներ և լուսանկարչական բովանդակություն, որոնք կարող են գործնական արժեք ունենալ երկու գործակալությունների համար։

Երկու գործակալությունների ղեկավարները հպարտությամբ են արձանագրել, որ հիմնադրվելով 1918 թվականին՝ թե «Արմենպրես»-ը, թե ČTK-ն ավելի քան մեկ դար պատվով ու պատասխանատվությամբ են կրել՝ հասարակությանն իրազեկելու, թափանցիկ ու անաչառ լրատվություն ապահովելու իրենց հանձնառությունը:

ČTK-ի գլխավոր տնօրենն «Արմենպրես»-ի տնօրենի համար շրջայց է կազմակերպել գործակալության շենքում՝ ներկայացնելով պատմական ցուցադրությունը և խմբագրության աշխատանքը, ինչպես նաև պատմելով ČTK-ի առանձնահատուկ կարգավիճակի, գործունեության և բիզնես մոդելի մասին։

Արծարծվել է նաև միջազգային լրատվական կազմակերպությունների հետ ČTK-ի համագործակցության փորձը, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել, թե նման գործակցությունն ինչ է տալիս գործընկեր լրատվամիջոցներին, ինչպես է հարստացնում միմյանց, ինչպես է կապում  տարածաշրջաններն ու նպաստում երկրների և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։

Հանդիպմանը միացել են ČTK-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Յան Պլյուսկալը և Profimedia-ի բիզնես տնօրեն Իվան Միլոևիչը, որոնք ներկայացրել են իրենց մի շարք արտադրանքներ, այդ թվում՝ AGNES, SOLWEE և Profimedia հարթակները։ Քննարկմանը մասնակցել է նաև «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Հայկ Մանուկյանը։ Նարինե Նազարյանին ներկայացվել է նորարարական տեխնոլոգիաների և լուծումների կիրառման գործիքակազմը, և կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները։

Հանդիպման ընթացքում ներկայացված արտադրանքների թվում էին AGNES-ը՝ ČTK-ի կողմից մշակված լուծում, որն աջակցում է լրատվական գործակալություններին խմբագրական բովանդակության կառավարման և մշակման գործում, SOLWEE-ն՝ լուսանկարների արխիվացման, պահպանման թվային և նորարարական լուծում, Profimedia-ն՝ լրատվամիջոցներին և այլ ոլորտների հաճախորդներին մասնագիտական ֆոտո և վիդեո բովանդակության հասանելիություն ապահովող հարթակ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում