Բուլղարիայի նախագահը Երևանում հյուրընկալվեց Պեյո Յավորովի անվան դպրոցում
5 րոպեի ընթերցում

Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան, որը Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, մայիսի 3-ին բուլղարական պատվիրակության ներկայացուցիչների հետ հյուրընկալվեց բուլղարացի անվանի բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցում:
Պատվիրակության կազմում էր նաև Բուլղարիայի ազգային լրատվական գործակալության՝ BТА-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Վալչևը, որին ուղեկցում էր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը: Երկու գործակալություններն ունեն փոխգործակցության երկարամյա պատմություն, որը սկիզբ է առել 2004 թվականին և նոր շունչ ստացել 2022 թվականին Սոֆիայում ստորագրված նոր փաստաթղթով:

Դպրոցի աշակերտները հյուրերին դիմավորեցին բուլղարական երգ ու պարով. կատարեցին «Իմ երկիր, իմ Բուլղարիա» հայտնի և սիրված երգն ու բուլղարական ազգային պար պարեցին:
Պեյո Յավորովի անվան դպրոցի արտադասարանական, արտադպրոցական գծով փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանն ընդգծեց, որ հայ և բուլղար ժողովուրդների դարավոր բարեկամությունը դիմացել է ժամանակի փորձությանը, և այդ բարեկամության ազնիվ վավերագրողներից է եղել բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովը, որի «Հայերը» ստեղծագործությունը հայ ժողովրդի ողբերգական պատմության արձագանքն է համիդյան ջարդերի ժամանակ:
«1966 թվականին երախտագետ հայերը Պեյո Յավորովի անվամբ կոչեցին հ. 131 դպրոցը, և այդ օրից ի վեր մեր կրթօջախը ևս հայ-բուլղարական բարեկամության կամրջի կարևոր օղակ դարձավ: Դպրոցը պատվով ու պատասխանատվությամբ է մոտենում իր այս առաքելությանը՝ «Պեյո Յավորով» հայ-բուլղարական բարեկամության թանգարանը, բուլղարական կոլորիտը, խոսքը, երգն ու պարը ներկայացնելով հյուրընկալած պատվիրակություններին, նաև արտադպրոցական համանման միջոցառումների ժամանակ»,-ասաց Մարիամ Ոսկանյանն ու շեշտեց՝ երախտապարտ են Բուլղարիայի կառավարությանը դպրոցի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և գործուն աջակցության համար:
Նա հավելեց՝ շատ ջերմ հարաբերություններ ունեն Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հետ և հույս ունեն, որ այդ մտերմությունը կլինի հարատև:

Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի խոսքով՝ ինքը սրտի թրթիռ է զգացել, երբ դպրոցի մոտ տեսել է Պեյո Յավորովի արձանը:
Նա ոգևորիչ համարեց այն, որ Պեյո Յավորովը «Հայերը» և այլ ստեղծագործություններով աջակցություն է ցուցաբերել հայ ժողովրդին:
«Ես չեմ ճանաչում մի պոետի, որն այդքան ջերմությամբ գրած լինի Հայաստանի մասին և այդքան հուզիչ ներկայացնի Հայաստանի պատմությունը»,-նշեց Յոտովան:
Նախագահը երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում կարևորեց նաև այն փաստը, որ Բուլղարիայոմ հինգ հայկական դպրոց է գործում, և շուտով կբացվի 6-րդը: «Դպրոցներում երեխաներին սովորեցնում են հայկական արվեստ ու մշակույթ: Աշակերտները հայկական երգն ու պարն այնքան լավ գիտեն, որքան հայ երեխաները՝ բուլղարական մշակույթը»,-ասաց Յոտովան:
Նա Պեյո Յավորովի անվան դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին հրավիրեց բանաստեղծի ծննդավայր՝ Չիրպան քաղաք, որտեղ համատեղ կկարողանան ներկայացնել հայկական և բուլղարական մշակույթները:
Այցի ընթացքում նախագահ Յոտովային, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և մյուս հյուրերին ուղեկցեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որը հիմնադրվել է 2023 թվականին ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Լաբորատորիայում են սովորում Սինգապուրում և այլ երկրներում կազմակերպված տարբեր մրցույթներում, «Կորիզ»-ում հաղթած երեխաներ: Դպրոցի ինտերակտիվ լսարանը ևս Բուլղարիայի նախկին նախագահ Ռումեն Ռադևի օժանդակությամբ է վերագործարկվել. բացմանը նախագահը ներկա է եղել, ֆիզկուլտուրայի դահլիճի վերանորոգումը նույնպես բուլղարական կառավարության գործուն միջամտությամբ է իրականացվել: