Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳ նախարարությունում հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: 
«Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարողացել է ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք:

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Այս մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում: Նա ընդգծել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Ադրբեջանական սև ցուցակում գտնվող անձանց ջախջախիչ մեծամասնությունը մեծ պատիվ է համարում այդ ցուցակում գտնվելը, ինչի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ բոլոր նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, հայկական քարոզչության զոհեր են և իրենց երկրներ վերադառնալուց հետո ներողություն են խնդրում Ադրբեջանից և խնդրում են իրենց հանել սև ցուցակից: «Եթե հավատանք Բաքվի այն պնդումներին, որ նրանք, ովքեր այցելում են Ղարաբաղ, վերադառնում են, զղջում են, ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա և դրանում  600-700 անձ ներառված չէր լինի: Նրանց տրամադրած տեղեկություններով այդ 600-700 անձից 5-6-ը խնդրել են իրենց հանել այդ ցուցակից»,-  նշեց նախարարը: Նա ավելորդ չի համարում Ադրբեջանի նախագահին Երևանի տոնակատարություններին մասնակցելու հնարավորություն տալ: «Ի դեպ, 80-ական թվականների սկզբներին ներկա նախագահի հայրը Հայաստանում այցելել էր Սարդարապատի համալիր, այդ այցի լուսանկարները կան: Կարծում եմ, որ մի օր հնարավոր կլինի, որ ներկա նախագահը նույնպես այնտեղ լինի»,-ավելացրեց Էդվարդ Նալբանդյանը:

Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել: Այս մասին Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «2016 թվականի հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև համանախագահները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում դիտորդների թիվը մի քանիսով ավելացնելու վերաբերյալ: Այդ ժամանակվանից ի վեր աշխատանքներ են տարվել դրա ուղղությամբ: Այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու նպատակով հստակ պարամետրերի համաձայնեցմանը, և մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է օպերատիվ կերպով այն գործի դնել»,- հայտարարել է Լավրովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության, ինչպես նաև իրականացվող դիտարկումների արդյունքների մասին:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին։ Իր ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: «Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշելով և Հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում: Ֆրանսիայի նախագահը ջերմորեն ողջունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին՝ նշելով, որ վերջինիս ձայնը հնչում է երբեմն անհավասար միջավայրում, սակայն այն շատ ավելի կարևոր է, քան շատերի բարձրագոչ հայտարարությունները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ: Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբից հայտնել են, որ Էրդողանի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները ցույց են տվել, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման թիրախը Ուրուգվայն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման իր քաղաքականությամբ:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա): ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին և Ղազախստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանում 2017թհունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թնույն ժամանակահատվածի համեմատԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալը աճել է շուրջ 25 տոկոսովՄեր կանխատեսմամբ՝ այդ թվերը տարվա կտրվածքով էլ ավելի բարձր կլինենՆույն ժամանակահատվածում արձանագրվել էՀայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40,4 տոկոսովինչպես նաև  ներմուծման մատակարարումների աճ՝ 18,9 տոկոսով»: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Կարեն Կարապետյանը հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետները  հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող  մի շարք հարցեր են քննարկել,  անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին: Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ: Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին: «Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում էՎերջինտարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25 տոկոս աճՄենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները,  բայց ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ», - նշել է Կարեն Կարապետյանը:

Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական, փոխըմբռնման եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված կապեր:

Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը Երևանից Գարեգին Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքը տարրական սադրանք է համարում, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի իշխանությունների դեմ:

The Economist Group-ի հետազոտական և վերլուծական բաժինը (The Economist Intelligence Unit) հրապարակել է 2006 թվականից իրականացվող Ժողովրդավարության համաթիվը ներկայացնող ուսումնասիրության 2017թ․ զեկույցը։  Ընդհանուր առմամբ 167 երկրներից 89-ի ցուցանիշը վատթարացել է 2017-ին, իսկ Հայաստանի ցուցանիշն այս տարի բարելավվել է, երկիրը զբաղեցրել է 111-րդ տեղը՝ 38 այլ պետությունների հետ հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակ

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ հունվարի 28-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները: Արարողությանը ներկա են եղել նաև այդ ընտանիքներին կցված կուրսանտները, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտներ և ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ: Հանրապետության Նախագահը նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Բանակի օրվա առթիվ:

ՀՀ Նախագահի նստավայրում Մարտական ծառայության մեդալի արժանացած զինծառայողներ Կարեն Անտոնյանն ու Կարեն Հակոբջանյանը պատրաստ են բարձր մարտական ոգով շարունակելու ծառայությունը հայրենիքին: Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ինժեներական կահավորվածության գծով մասնագետ Կարեն Անտոնյանը վստահեցրեց` անում են ամեն ինչ, որ դիրքապահ զինվորներն անխոչընդոտ և անփորձանք կատարեն իրենց պարտականություններն առաջնագծում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար շնորհեց բարձրագույն զինվորական կոչումներ: 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձն է։ Զինված ուժեր, որին վստահել ենք մեր սահմանների ամրությունը, հայոց բանակ, որին վստահել ենք մեր հայրերին, եղբայրներին ու որդիներին։ «Արմենպրես»-ը զրուցել է այս օրերին հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող Վահե Հակոբյանի և Արման Գրիգորյանի հետ։ Նրանց ընտրությունը պատահական չէ, Վահեն արմենպրեսական է, Արմանը՝ արմենպրեսականի եղբայր։ Հաշվի առնելով մեր զինվորների զբաղված առօրյան, որոշեցինք նրանց կարևոր գործից չկտրելու համար ուղղել մի քանի բլից հարց։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից այս տարի, ընդհանուր առմամբ, ավելի քան 400 մլն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք: Առաջիկա տարիներին այդ ընտանքիներին ամսական վճարներով կփոխատուցվի ավելի քան 2 մլրդ դրամ: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգի ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: 

Զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ: ԱԳՆ ղեկավար կազմի հետ Նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ՝ որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար: Սերժ Սարգսյանը նախընտրել է այս հանդիպման ժամանակ չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, որոնց նախկինում անդրադարձել է, այլ խոսել այդ քաղաքականությունն առավել արդյունավետ կառավարելու և կազմակերպելու հարցերից: «Որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է Հանրապետության Նախագահը:

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:  Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու  2018 թ. անելիքներին: ՀՀ վարչապետն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ։ Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծին: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, որով անհրաժեշտ է հստակեցնել նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը: «Կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը»,- ասաց Հարությունյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»: Այդ մասին Արմեն Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք գործող Նախագահի առաջարկն իր համար անսպասելի էր, այսինքն նա մի քանի օր առա՞ջ է իմացել դրա մասին, թե այնուամենայնիվ, ամիսներ առաջ գիտեր: «Կարելի է ասել, որ սա անսպասելի սպասվածն էր: Բազմիցս իմ անունը այս կամ այն մարդիկ շահարկել են, ամեն նախագահական ընտրությունների, վարչապետի նշանակման ժամանակ, ընդ որում դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Սակայն 2000 թվականից հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքիցինչ որ իմաստով դարձա ազատ մարդ, կյանքս փոխվեց դեպի համալսարան, դեպի միջազգային ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանք մեծ ընկերությունների հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական էլիտայի, ղեկավարության հետ քաղաքակրթական հակասություններ չի ունեցել և չունի. հակասություններ չեն եղել նաև Վազգեն Սարգսյանի հետ:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2017-ին 18.7 տոկոսով աճել է 2016-ի համեմատ:

Սփյուռք

Ռուսաստանում բնակվող հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովն ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ներառվել են Միացյալ Նահանգների կողմից հրապարակված «Կրեմլյան զեկույց»-ում:

Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) տեղի ունեցավ Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը: 

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Թուրքիայում մարդու իրավունքների հարցը: Քննարկումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի շրջանակում: Մակրոնն ու Փայլանն անդրադարձել են սիրիական Աֆրինում թուրքական զինված ուժերի գործողություններին՝ զգոնության կոչ անելով և մտահոգություն հայտնելով վերջին զարգացումների առնչությամբ: Միջոցառման շրջանակում ժողովրդավարության և մարդու իրավունքների պայքարի գործում ներդրած ջանքերի համար Փայլանը Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից ստացել է հատուկ շքանշան (La médaille Grand Vermeil):

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արևմտահայերենին ISO 639-3 լեզվական կոդ տալու ջանքերը վերջապես հաջողությամբ են պսակվել: SIL International-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, արևմտահայերենին առանձին լեզվական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել։ Այսուհետ արևմտահայերեն հոդվածները կունենան առանձին տիրույթ և կհայտնվեն առանձին էջի վրա:

Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս, պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղևորների վրա հարձակված հանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչվող ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն: Ֆիլմի սցենարը հիմնված է ինքնակենսագրական գրքի վրա, որը գրել են գնացքի երեք ամերիկացի ուղևորները, որոնք օգնել են հարձակման խոչընդոտմանը: Նրանք ևս կխաղան ֆիլմում: Սպասվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 9-ին:

Միջազգային խճանկար

Սիրիական ազգային երկխոսության՝ մեկօրյա կոնգրեսի մասնակիցները, որն ավարտվել է Սոչիում, համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, եւ դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով։

 «Ռոսպոտրեբնադզորը» ռուսաստանցիներին նախազգուշացնում Է Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակների հայտնաբերման մասին: Սպասվում Է, որ մոծակները կարող են մոտ ժամանակներս հայտնվել նաեւ երկրի կենտրոնական շրջաններում եւ Սեւ ծովի հյուսիսային ափին։

Թուրքիայում 311 անձ է ձերբակալվել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ սոցկայքերում գրառումներ կատարելու և գործողությանը դեմ արտահայտվելու պատճառով: Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են սոցիալական կայքերում «ահաբեկչության քարոզ անելու» մեջ:

Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները թուրք զինվորների ու նրանց դաշնակից խմբավորումների դեմ երեք հատուկ գործողություն են անցկացրել Աֆրինի շրջանում, սպանվել են 15 զինծառայողներ ու վարձկաններ: Առնվազն 104 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 156 մարդ վերքեր ստացել Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սայավուշ Հեյդարովը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում մինչ օրս սպանվել է ավելի քան 300 ադրբեջանցի:

Սաուդյան Արաբիան 106 մլրդ դոլար Է վերադարձրել կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված արքայազների, նախկին նախարարների եւ ձեռնարկատերերի հետ մինչդատական կարգավորման շրջանակներում:

Մշակույթ

Մահացել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Մարիա Սահակյանը: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին տրամադրել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը՝ տեղեկացնելով, որ ռեժիսորի մահվան պատճառ է հանդիսացել օնկոլոգիական հիվանդությունը:

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը համերգային շրջագայություններով բազմիցս է եղել Հարավային Ամերիկայում: Կոմպոզիտորի հետ հանդիպման առաջարկներն այս անգամ էլ քիչ չեն եղել: «Արմենպրես»-ն առանձնացրել է Հարավային Ամերիկայում Խաչատրյանի նշանակալի հանդիպումները, մասնավորապես, Հեմինգուեյի հետ հանդիպումը։

Հայ գրող, բլոգեր Նարինե Աբգարյանի նոր՝ «Շարունակել ապրել» պատմվածքների ժողովածուն (ռուսերեն) օրերս հանձնվել է ընթերցողների դատին: Այն լույս է տեսել Ռուսաստանում: «Գրքում զետեղված է 90-ականների պատերազմի մասին պատմող երեսուն պատմվածք: Պատմությունները փոխկապակցված են: Ամեն նոր պատմվածքի հերոսը ներկա է նախորդ պատմության մեջ: Գիրքը մեծ չէ, բայց ինձ բավականին դժվարությամբ տրվեց, և ես խոստացա այլևս չվերադառնալ պատերազմի թեմային: Պետք է շրջել էջը և այլ բանով ապրել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հեղինակը:

«Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար» և մի շարք այլ հայտնի, սիրված երգերի հեղինակ, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները նրա հոբելյանին նվիրված երեկոյին առաջին անգամ հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հատուկ հյուրերն էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն:

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել «զինագործների» համացանցային ռադիոհաղորդումը:  «Արսենալ»-ը պարտվեց Մխիթարյանի նորամուտի խաղում։ Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալելով «Էվերտոն»-ին ջախջախիչ հաղթանակ տոնեց: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ:

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 5-րդն է:

Ժնևում գտնվող Մարզական վճռաբեկ դատարանը՝ CAS, բավարարել է 28 ռուսաստանցի օլիմպիական մարզիկների բողոքարկումը և չեղարկել է նրանց ցմահ որակազրկումը Օլիմպիական խաղերին մասնակցելուց։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ