Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Գեղամյանը ՌԴ-ում Երևանից Նժդեհի արձանը հանելու քննարկումները այդ երկրի իշխանությունների դեմ ուղղված սադրանք է համարում


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը Երևանից Գարեգին Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքը տարրական սադրանք է համարում, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի իշխանությունների դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ ստորագրահավաքի նախաձեռնողները կամ բացարձակապես անտեղյակ են սեփական երկրի պատմությանը, կամ թշնամաբար են մոտենում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցության էլ ավելի խորացմանը: «Այդ ամենը մի նպատակ է հետապնդում` Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի և նրա ամենահավատարիմ և նվիրված դաշնակցի միջև սեպ խրեն, ապակայունացնեն իրավիճակը, որը, ինչ խոսք, կշեղի ռուս ընտրողների ուշադրությունը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ դավադրության հեղինակներին, որովհետև իրենք ժամանակից շուտ իրենց քարտերը բացահայտել են, հնարավորություն են ընձեռել մեզ ազգովի համապատասխան հակահարված հասցնել նրանց հերթական սադրանքին. նրանց` շռայլորեն ֆինանսավորվող քարտը մարված է»,- ասաց Գեղամյանը:

Հարցին` թեմայի վերաբերյալ զրուցե՞լ է ռուս գործընկերների հետ, Գեղամյանը բացասական պատասխան տվեց. «Բացարձակապես, եթե ես հանկարծ քաղաքական կարճատեսություն դրսևորեմ և այդ հարցը դարձնեմ այդպիսի բարձր մակարդակի քննարկման առարկա, կնշանակի ես ջուր եմ լցնում դրա հրահրողների ջրաղացին, այն է` կարևորություն եմ տալիս:  Թող իրենք 200 հազար գնված մարդկանց կամ տգետների ստորագրություն հավաքեն, սակայն դա անգամ իսկ մեզ իրավունք չի վերապահում չափից ավելի կարևորել սովորական, տարրական սադրանքը, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների դեմ, Ռուսաստանի նախագահի դեմ, որովհետև ինքն այն թեկնածուն է, ով աչքի լույսի պես է պաշտպանում հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցությունը: Մենք չպետք է խաղանք մեզ «թելադրված» սցենարի մեջ»,- ընդգծեց Գեղամյանը:

Դիտարկմանը, թե օրերս Պետական Դումայում թեմայի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում է եղել, պատգամավորը պատասխանեց. «Թող քննարկեն: Թող քննարկեն, որպեսզի մենք կարողանանք բացահայտել, թե ովքեր են մեր թշնամիները Պետական դումայում, եթե այդպիսիք կան»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ