Քաղաքականություն

Իրանը հարևանների հետ քննարկում է տարածաշրջանում անվտանգության ապագա կառուցակարգերի հարցը. Ալիռեզա Խոդա Ղոլիփուր

5 րոպեի ընթերցում

Իրանը հարևանների հետ քննարկում է տարածաշրջանում անվտանգության ապագա կառուցակարգերի հարցը. Ալիռեզա Խոդա Ղոլիփուր

Իրանի համար ներկա իրավիճակը շատ կարևոր և շրջադարձային է՝ տարածաշրջանում անվտանգության նոր պայմանավորվածությունների ձևավորման գործընթացը սկսելու տեսանկյունից։ Իրանական կողմը կապի մեջ է հարևանների հետ և նրանց հետ շատ ուղղակիորեն քննարկում է տարածաշրջանում անվտանգության ապագա կառուցակարգերի հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողովում հայտնեց Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալիռեզա Խոդա Ղոլիփուրը։

«Իրանի դեմ իրականացված անօրինական հարձակումից և ագրեսիայից հետո, որը շարունակվում է արդեն 16 ամիս, մենք փորձել ենք ոչ միայն պաշտպանվել, այլև կանխել ապագայում Իրանի դեմ նմանատիպ ագրեսիաների կրկնությունը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Իրանի դեմ ուղղված այդ ագրեսիան ունեցել է ինչպես կործանարար, այնպես էլ փոխակերպող և ուսանելի նշանակություն ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար։ Այսօր փոխվում են Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ բազմաթիվ պատկերացումներ ու ընկալումներ։ Մեր հարևանների համար սա ուսանելի դաս է եղել այն առումով, որ անհնար է սեփական անվտանգությունը վստահել արտաքին ուժերին. անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանային սուբյեկտայնությանը և տարածաշրջանային դերակատարների դերին»,- նշեց Ղոլիփուրը։

Ըստ նրա՝ իրանական կողմը համոզված է, որ տարածաշրջանում եկել է ճշմարտության պահը, ուստի յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ արել է տարածաշրջանում տասնամյակների ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ ներկա պահը կարող է ելակետ դառնալ տարածաշրջանային դերակատարների համար՝ կառուցողական դեր ստանձնելու առումով։ Իրանը շատ ակտիվ է Հարավային Կովկասում և, շնորհիվ իր «կարմիր գծի» քաղաքականության՝ կարողացավ կանխել տարածաշրջանում մի շարք կործանարար նախագծերի, մասնավորապես՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը։ Իրականում մենք միշտ էլ Հարավային Կովկասը և Իրանի հյուսիսային հատվածում գտնվող մեր հարևաններին դիտարկել ենք որպես շատ կարևոր ուղղություն և մեծ նշանակություն ենք տվել մեր հարաբերություններին»,- ասաց Ղոլիփուրը։

Նրա կարծիքով՝ տարիներ շարունակ որոշակի թյուրըմբռնում է եղել, թե Հարավային Կովկասն այս տարածաշրջանի ինչ-որ միջանկյալ հատված է, ինչը, նրա պնդմամբ, ճիշտ մոտեցում չէ։

«Այժմ բոլորն արդեն գիտակցում են, որ այն շատ կարևոր է Իրանի համար, և Հարավային Կովկասի, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների՝ Ադրբեջանի ու Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների նշանակությունն աճել է Իրանում որոշումներ կայացնողների և քաղաքականություն մշակողների համար։ Սա չի նշանակում, որ Իրանի համար այս ուղղությունը նախկինում կարևոր չի եղել, սակայն Իրանի դեմ վերջին ագրեսիայից հետո այդ կարևորությունն աճել է։ Սա նշանակում է, որ Իրանն այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում Կենտրոնական Ասիային և Հարավային Կովկասին։ Ընդ որում, դա պայմանավորված չէ միայն Իրանի դեմ վերջին ագրեսիայով. գործընթացը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և դրա հետևանքներից հետո։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայում ներգրավվածության պատճառով Ռուսաստանի ազդեցության նվազմանը, Թուրքիայի ազդեցության աճին, ինչպես նաև տարածաշրջանում Արևմուտքի ավելի մեծ ներգրավվածությանը։ Ուստի, շատ կարևոր է հասկանալ տարածաշրջանային այս բոլոր զարգացումները՝ Հարավային Կովկասի նկատմամբ Իրանի քաղաքականությունը ճիշտ և ավելի լավ ընկալելու համար»,- եզրափակեց Ղոլիփուրը։

Երևանում սեպտեմբերի 23-ին մեկնարկած «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը կրում է «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագիրը։ Ֆորումին մասնակցում են քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարար աշխարհի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։

Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են Հայաստանի համար այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, կապակցվածությունը, տնտեսական անվտանգությունը, թվային ինքնիշխանությունն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում