Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ կան մեծ հիմքեր՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում լավատեսորեն տրամադրվելու համար
4 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն արդեն իսկ շատ նշանակալի արդյունքներ ու ձեռքբերումներ է ապահովել՝ ընդ որում այնպիսի եղանակով, որը մի քանի տարի առաջ աներևակայելի էր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը առցանց կապի միջոցով «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողովում հայտնեց ադրբեջանցի փորձագետ, Միջազգային հարաբերությունների վերլուծության և բազմամշակութայնության կենտրոնի բաժնի ղեկավար Վասիֆ Հուսեյնովը։
«Թվում է, թե էսկալացիայի և լարվածության շրջափուլը մշտական բնույթ է կրում, բայց մենք ավելի մեծ հիմքեր ունենք՝ լավատեսորեն տրամադրվելու ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Սա մի գործընթաց է, որն արդեն շատ նշանակալի արդյունքներ ու ձեռքբերումներ է ապահովել՝ ընդ որում այնպիսի եղանակով, որը մի քանի տարի առաջ աներևակայելի էր»,- ասաց Հուսեյնովը՝ կարծիք հայտնելով, որ դա ավելի լայն դրական պատկերի մի մասն է, և մոտ ապագայում նոր զարգացումներ կլինեն:
«Մենք արդեն շատ բանի ենք հասել։ Այսօր հնարավոր է ապրանքներ արտահանել Ադրբեջանից Հայաստան, ինչպես նաև այլ երկրներից՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, և նույնիսկ օրերս լսեցինք, որ Հայաստանը պատրաստվում է որոշ ապրանքներ արտահանել Ադրբեջան։ Կարծում եմ՝ սա մի բան է, որը պետք է գնահատվի և ողջունվի։ Ինչ վերաբերում է սահմանային գործընթացին ու քննարկումներին, ինչպես նաև մեր երկրների միջև սահմանի բացմանը, ապա կարծում եմ՝ սպասումները միանգամայն հասկանալի են, քանի որ Ադրբեջանի տեսանկյունից միանգամայն պարզ է, որ մենք չենք կարող խաղաղության պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում մեր նկատմամբ»,- նշեց ադրբեջանցի փորձագետը՝ առաջ տանելով այդ երկրի քաղաքական ղեկավարության գիծը և հռետորաբանությունը:
Հուսեյնովը հիշեցրեց, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն է և, իհարկե, ցուցաբերում է վերոհիշյալ ըմբռնումը։ Ըստ նրա՝ հենց այդ պատճառով էլ միանգամայն պարզ է, որ խաղաղության գործընթացը կշարունակվի, իսկ սահմանները կբացվեն, երբ «Հայաստանն իր Սահմանադրությունից հանի տարածքային պահանջները»։
«Նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը Հայաստանի կողմից Սահմանադրությունը փոխելու հաջորդ օրը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։ Այսինքն՝ գործընթացն ընթանալու է փուլ առ փուլ։ Սա շրջանաձև ընթացք չէ, այլ գծային գործընթաց, որը մենք իրականացնում ենք քայլ առ քայլ։ Տեսեք, թե քանի քայլ ենք կատարել անցած տարվա ընթացքում՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր։ Այդ քայլերը շարունակական են, և դեռ նորերն են լինելու։ Ուստի, առայժմ ես չեմ տեսել որևէ հետընթաց, որը կարելի կլիներ բնորոշել որպես շրջանաձև ընթացք»,- ասաց Հուսեյնովը։
Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ ադրբեջանցի փորձագետն ընդգծեց, որ այն ունի տարածաշրջանային նշանակություն։ Ադրբեջանը շահագրգռված է Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ։ Ուստի, նրա խոսքով, խաղաղության գործընթացի հաջող իրականացումը շարունակում է առաջնահերթություն մնալ Բաքվի համար։