Քաղաքականություն

Անդրեյ Կորտունովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների ապագայի համար որոշիչ է համարում նաև, թե ինչ կառաջարկի Ռուսաստանը Հայաստանին

6 րոպեի ընթերցում

Անդրեյ Կորտունովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների ապագայի համար որոշիչ է համարում նաև, թե ինչ կառաջարկի Ռուսաստանը Հայաստանին

Հայ-ռուսական հարաբերությունները նոր մոդելին անցնելու գործընթացում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատակն տվեց Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի նախկին գլխավոր տնօրեն և գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը՝ հավելելով, որ դեռ վաղ է ասել, թե ինչպիսի ձև կունենա այդ մոդելը, սակայն պարզ է, որ երկկողմ  հարաբերություններում էջը շրջվել է, և կողմերը փորձում են նոր գլուխ սկսել այդ հարաբերություններում։

«Գործընթացը Երևանի և Մոսկվայի համար բարդ է և ցավոտ։ Իհարկե, ուզում ենք հուսալ, որ գործընթացը չի հանգեցնի ավանդական, բարիդրացիական հարաբերությունների խաթարման ոչ միայն երկու երկրների, այլև երկու հասարակությունների միջև։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ակնարկել է քաղաքակիրթ բաժանման մասին։ Հայաստանն այսօր փոխում է իր ռազմավարական գերակայությունները և բացվում է այլ երկրների ու տարածաշրջանների առջև՝ ընտրելով եվրոպական հեռանկարը։ Դա, անշուշտ, խնդիրներ է հարուցում Մոսկվայի ու Երևանի փոխհարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի ու այն կառույցների փոխգործակցության տիրույթում, որոնց Հայաստանը դեռ անդամակցում է»,- նշեց Կորտունովը, ով մասնակցում է Երևանում մեկնարկած «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողովին։

Նրա դիտարկմամբ՝ այստեղ, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ինչ-որ բան փոխել, ինչ-որ կերպ վերափոխել հարաբերությունները, որովհետև դրանք, ըստ փորձագետի, դառնում են ավելի պրագմատիկ՝ միտված բիզնեսին և տնտեսական կապերին։ Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանում կան պրոռուսական տրամադրություններով օժտված մարդիկ և ՌԴ-ում կա բավականին մեծ ու ազդեցիկ հայկական սփյուռք, հիմք է տալիս ասելու, որ Ռուսաստանում Հայաստանն ընկալվում է որպես պատմամշակութային և կրոնական ընդհանրություններ ունեցող պետություն։

«Անշուշտ կարելի է տևականորեն խոսել երկու երկրներին ու ժողովուրդներին մերձեցնող գործոնների մասին և հուսալ, որ այդ ամենը որոշ չափով կպահպանվի և կազդի հետագա հարաբերությունների զարգացման վրա։ Քաղաքական ռազմավարություններն ու գերակայությունները կարող են փոխվել։ Շուրջ երկու տասնամյակ առաջ մեր գործընկերները Թբիլիսիում խոսում էին Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին, մինչդեռ այսօր նրանց հայացքներում ինչ-որ բան փոխվել է։ Գուցե որոշակի սպասումներ չեն արդարացել, բայց դա չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է եվրոպական ուղուց։ Պարզապես վերոհիշյալ հեռանկարն այժմ չի ընկալվում այնպես, ինչպես քսան տարի առաջ։ Հայաստանում գուցե նույնպես տեղի կունենան փոփոխություններ, որոնք թույլ կտան հայ հասարակությանն ավելի իրատեսական գնահատել եվրոպական ինտեգրացիան, առավել ևս, որ այդ գործընթացն, ամենայն հավանականությամբ, կլինի բավականին երկարատև»,- մանրամասնեց Կորտունովը։

Նրա համոզմամբ՝ մյուս կողմից Ռուսաստանը կմնա գործընկեր, և հանգամանքների բարենպաստ դասավորման պարագայում՝ նաև ռազմավարական գործընկեր։ Փորձագետի համոզմամբ՝ շատ բան կախված կլինի նրանից, թե ՌԴ-ն իր հերթին ինչ կառաջարկի Հայաստանին համագործակցության հաջորդ փուլում, թե որքան կընդլայնվի տնտեսական փոխգործակցության տիրույթը, թե ինչպես այդ գործընթացում կներգրավվի փոքր ու միջին բիզնեսը, ինչպիսի համագործակցություն կլինի ՏՏ և այլ ոլորտներում։

Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ Կորտունովը նշեց, որ ինչպես ցույց է տվել պատմությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշված շատ գաղափարներ, որոնք գուցե բավականին լավն են ու հեռանակարային, մինչև վերջ չեն իրականացվում կոնկրետ նախագծերի տեսքով։

«Մենք դեռ շատ բան չգիտենք ԹՐԻՓՓ-ի մասին, չգիտենք, թե ինչպես այն կզարգանա ու կիրականանա։ Այո, ստորագրվել են համաձայնագրեր, սակայն բազմաթիվ դետալներ հստակեցման կարիք ունեն։ Հույս ունենք, որ այդ տրանսպորտային և լոգիստիկ փոփոխվող ենթակառուցվածքները Հարավային Կովկասում հաշվի կառնեն ինչպես հարավկովկասյան երեք պետությունների, այնպես էլ նրանց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը։ Գուցե հեշտ չի լինի բոլոր կողմերի շահերի համադրումը, բայցևայնպես պետք է ձգտել դրան»,- եզրափակեց Կորտունովը։     

Երևանում սեպտեմբերի 23-ին մեկնարկած «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը կրում է «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագիրը։ Ֆորումին մասնակցում են քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարար աշխարհի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։

Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են Հայաստանի համար այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, կապակցվածությունը, տնտեսական անվտանգությունը, թվային ինքնիշխանությունն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում