1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր Վահան Հակոբյանն անցել է պարտականությունների կատարմանը

Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր Վահան Հակոբյանն անցել է 
պարտականությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) հունվարի 29-ին տեղի ունեցավ Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը: 

Ներկաների թվում էին Բրազիլիայի և Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի մտավորականության ընտրանին, ԶԼՄ-ներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի առաջնորդությամբ միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բրազիլիայի խոշորագույն համայնքի ղեկավար, նահանգապետ Ժերալդու Ալքմինը արարողության ժամանակ իր ելույթում վստահություն հայտնեց, որ համալսարանն ի դեմս իր նոր ղեկավար կազմի շարունակելու է նոր հաղթանակներ գրանցել հանուն Սան Պաուլոյի և Բրազիլիայի:

Ստանձնելով իր բարձր և պատասխանատու պաշտոնը` պրոֆեսոր Հակոբյանը առանձնակի ընդգծեց իր հայկական ծագումը և ողջույնի խոսքեր ուղղեց ՀՀ դեսպանին և հայ համայնքի ներկայացուցիչներին: 

Հատկանշական է, որ համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում գործում է նաև Հայագիտության ամբիոնը: 

Վահան Հակոբյանը ծնվել է 1951 թվականին Ստամբուլում: 1974 թվականին ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1978 նույն դպրոցի քաղաքաշինության ֆակուլտետը: 1982 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի Քինգս քոլեջ համալսարանում:

1975 թվականից ի վեր, պրոֆեսոր Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունը ընթացել է Սան Պաուլոյի համալսարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ` հանդիսացել է Պոլիտեխնիկական դպրոցի տնօրենի տեղակալը, Սան Պաուլո նահանգի տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը, Սան Պաուլո նահանգի գիտության և տեխնոլոգիաների քարտուղարության համակարգողը, շինարարության ոլորտում հետազոտությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն: 2010-2014թթ համապատասխանաբար զբաղեցրել է համալսարանի պռորեկտորի պաշտոնը: Համալսարանի կանոնադրության համաձայն Վահան Հակոբյանը պաշտոնավարելու է մինչև 2022 թվականը:

Սան Պաուլոյի համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին և հանդիսանում է ոչ միայն Բրազիլիայի ամենահեղինակավոր համալսարանը, այլև մեծ հեղինակություն է վայելում ամբողջ տարածաշրջանում: Անցած 84 տարիների ընթացքում գիտության և կրթության ոլորտներում համալսարանը գրանցել է բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ:

Հիմնադրման առաջին իսկ օրերից համալսարանը հանդիսացել է երկրի մտավոր ընտրանու ձևավորողը և կառավարող էլիտայի դարբնոցը: Համալսարանին է պատկանում երկրի ընդհանուր գիտատեխնիկական արդյունքի 22%-ը, ասպիրանտների` 13,2%-ը, գիտությունների դոկտորների` 15.5%-ը, ինչպես նաև մագիստրոսների 7.6%-ը: Համալսարանը ստորագրել է 1600 արձանագրություն և պայմանագիր իր ազգային և միջազգային գործընկերների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]