Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններով նշվեց երգահանի 90-ամյա հոբելյանը


ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար» և մի շարք այլ հայտնի, սիրված երգերի հեղինակ, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները նրա հոբելյանին նվիրված երեկոյին առաջին անգամ հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հատուկ հյուրերն էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն: Համերգը տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է այս համերգային ծրագիրը, Հեքիմյանի պես մեծ կոմպոզիտորին ներկայացնելը: Համերգը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել նրա երգերը, նոր ձևաչափով մատուցել դրանք հանրությանը մեր հրաշալի հյուրերի և տարբեր ժանրերում ստեղծագործող երգիչների միջոցով:  Այն բովանդակությունը, որը երաժշտասերներն այսօր կլսեն, կարծում եմ՝ տպավորիչ կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա հավելեց, ոգևորված են, սիրով են պատրաստվել՝ փորձելով նոր շունչ հաղորդել Հեքիմյանի հանրահայտ «Կռունկ», «Կարուսել» և այլ հանրահայտ երգերին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Սիրված երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատմեց իր և Հեքիմյանի ծանոթության մասին: «Մի օր ինձ զանգահարեց Վրաստանի ԱԱԾ-ի փոխգնդապետը: Նա ասաց, որ Մոսկվայից Ալեքսեյ Հեքիմյանն է եկել, ով ինձ համար երգ է գրել, և ես պարտավոր եմ գնալ իրենց հետ: Մերժեցի, բայց ինձ ստիպեցին գնալ: Երբ տեսա Հեքիմյանին, նա ասաց, որ 14 երգ է գրել ինձ համար: Երգեցի նրա ստեղծագործությունները, մենք լավ ընկերներ դարձանք»,-ներկայացրեց երգիչը: Նա շեշտեց, որ Հեքիմյանը հրաշալի գործեր ունի, որոնք սիրով է հնչեցրել:

Համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև Ալեքսեյ Հեքիմյանի որդիները՝ Ռաֆայելը և Միքայելը:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ալեքսեյ Հեքիմյանը գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թվականին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961-ին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ