Պաշտոնական

Հայաստան-Ղազախստան ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով. հանդիպել են երկու երկրների վարչապետները

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ղազախստան ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով. հանդիպել են երկու երկրների վարչապետները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկրների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմաններով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Կարեն Կարապետյանը նաև գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում