Հայաստանը Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում ավտորիտար երկրների շարքից անցել է «հիբրիդային» երկրների շարք
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Economist Group-ի հետազոտական և վերլուծական բաժինը (The Economist Intelligence Unit) հրապարակել է 2006 թվականից իրականացվող Ժողովրդավարության համաթիվը ներկայացնող ուսումնասիրության 2017թ․ զեկույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաթիվը համակցում է 60 ցուցանիշ, որոնք վերաբերում են 5 լայն խմբերի՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն (Electoral processes and pluralism), կառավարության աշխատանքը (Functioning of government), քաղաքական մասնակցություն (Political participation), քաղաքական մշակույթ (Political culture) և քաղաքացիական ազատություններ (Civic liberties)։ 2018թ․ հրապարակված վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության 5%-ից պակասն է ապրում լիարժեք ժողովրդավար երկրներում։ Մոտ մեկ երրորդը ապրում են ավտորիտար իշխանությունների ներքո։ Ընդհանուր առմամբ 167 երկրներից 89-ի ցուցանիշը վատթարացել է 2017-ին, իսկ Հայաստանի ցուցանիշն այս տարի բարելավվել է։
Ըստ ուսումնասիրության, Հայաստանը Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում 167 երկրների շարքում զբաղեցրել է 111-րդ տեղը՝ 38 այլ պետությունների հետ հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում:
Հայաստանը հավաքել է 4.11 միավոր՝ նախորդ տարվա 3.88 միավորի փոխարեն: Հայաստանն ամենաշատ միավոր հավաքել է ընտրական գործընթացի և բազմակարծության, քաղաքական մասնակցության և քաղաքացիական ազատությունների չափանիշներով, իսկ ամենացածրը՝ կառավարության աշխատանքի և քաղաքական մշակույթի չափանիշներով: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ավտորիտար երկրների շարքից անցել է «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարք՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք իշխանությունը նախագահից հանձնել են խորհրդարանին:
Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Ժողովրդավարության ինդեքսը լուրջ հետընթաց է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Հետազոտությունն անցկացվել է 165 անկախ պետությունների և երկու տարածքների վերաբերյալ:
Արևելյան գործընկերության երկրներից Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան նույնպես համարվում են հիբրիդային ռեժիմներ, սակայն գտնվում են համապատասխանաբար 78-րդ, 79-րդ և 83-րդ տեղերում։ Արևելյան գործընկերության մյուս երկու պետությունները՝ Բելառուսը և Ադրբեջանը համարվում են ավտորիտար պետություններ և գտնվում են համապատասխանաբար 138-րդ և 148-րդ հորիզոնականներում։ Այս պետությունների շարքին է դասվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որ գտնվում է 135-րդ հորիզոնականում։