Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արևմտահայերենը Վիքիպեդիայում առանձին լեզվական կոդ է ստացել

Արևմտահայերենը Վիքիպեդիայում առանձին լեզվական կոդ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արևմտահայերենին ISO 639-3 լեզվական կոդ տալու ջանքերը վերջապես հաջողությամբ են պսակվել: Ինչպես   «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունից, SIL International-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, 2018 թվականի հունվարի 30-ին արևմտահայերենին առանձին լեզվական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել։ Այսուհետ արևմտահայերեն հոդվածները կունենան առանձին տիրույթ և կհայտնվեն առանձին էջի վրա:

Թեև արևմտահայերենով խոսում են, դասավանդում են, թերթեր են լույս տեսնում, գրքեր են թարգմանում և նոր գրականություն է ստեղծվում, այդուհանդերձ 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վտանգված լեզուների քարտեզում։ Լեզվի անկումը կանխելու նպատակով Սփյուռքում և Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախաձեռնվել, դրանցից մեկը էլեկտրոնային ռեսուրսների՝ այդ թվում Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացումն է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Արևմտահայերենի առանձին լեզվական կոդ չունենալու պատճառով առցանց տիրույթում պարբերաբար առաջանում են խնդիրներ։ Օրինակ, Հայերեն Վիքիպեդիայում մեկ թեմայի վերաբերյալ ստեղծվում է երկու հոդված՝ մեկը արևելահայերեն, մյուսը՝ արևմտահայերեն, սակայն առանձին կոդ և առանձին տիրույթ չունենալու պատճառով արևմտահայերեն հոդվածները հայտնվում են արևելահայերեն հոդվածների հետ միևնույն էջում՝ թույլ չտալով ընթերցողներին տեղեկանալ  արևմտահայերեն հոդվածի գոյության մասին։ Միաժամանակ, խնդիր է առաջանում թվային տեխնոլոգիաների կիրառման ժամանակ. ուղղագրություն ստուգող, ձայնային ճանաչման, թարգմանչական և այլ ծրագրերի համատեղ օգտագործումը երկու ճյուղերի համար պարզապես անհնար է։ 

Վիքիմեդիա Հայաստանը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամն առանձին լեզվական կոդ ստանալու գործընթացը նախաձեռնել են 3 տարի առաջ, երբ արևմտահայերենով ազատ բովանդակության խթանման նպատակով համագործակցություն սկսեցին։ Դրա շրջանակներում արևմտահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ Վիքիպեդիայում արևմտահայերենով բովանդակություն են ստեղծում։           

Բացի այս կառույցների, նշյալ գործընթացում ներգրավվել են նաև Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության բաժինը, այլ գիտակրթական հաստատություններ և Սփյուռքի շատ համայնքների ներկայացուցիչներ, որոնք խնդրագրով 2016 թվականի ամռանը դիմել են SIL International-ին։ Այս ձեռքբերումը համատեղ ջանքերի արդյունք է, որը կնպաստի Արևմտահայերեն բովանդակության զարգացմանը և դրա հասանելիության մեծացմանը համացանցում։ 

Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am