Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հակառակորդի թիկունքը մինչ 15 կմ խորությամբ տեսնելն այսօր հնարավորություն է  տալիս հայկական կողմին ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները:  «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: «Այն հնարավորություն է տալու ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: Ավելի խոր դիտարկումներ իրականացվում են այլ եղանակով, որը  հնարավորություն է տալիս ռազմավարական հարթության վրա գնահատելու հակառակորդի գործողությունները»,-նշեց փոխնախարարը:

«Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունն ավարտել է իր քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում: Կազմակերպության նպատակն էր հավաքել և ուսումնասիրել  2016 թ. ապրիլին  տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը: 

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հղումով։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Դևիդ Վալադաոյի առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թվականի ֆիսկալ տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այցելել է «FMD KL Europe» ընկերություն, որտեղ ղեկավար Կիրիտ Վելանիի հետ քննարկել են զարգացման ծրագրերը։ Հանդիպմանը «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին հայտարարել է Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին։ Միայն այս տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման և տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար 1 միլիոն դոլարի ներդրում է արվել։

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին Հայաստանի և Ֆիլիպինների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: 

Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինը՝ Նախարարների կոմիտեն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ որոշում, որը հիմնված է ԵԽ քարտուղարության կողմից պատրաստված համանուն զեկույցի վրա: Գործողությունների ծրագիրն առաջարկվող բարեփոխումների փաթեթ է՝ միտված Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և տեղական ժողովրդավարության ոլորտների շարունակական խթանմանը:

ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ չինական ռազմակրթական հաստատություններում բարձրագույն կրթություն ստացած հայ զինվորականները հրաշալի սպաներ ու հրամանատարներ են դառնում։ Հայաստանն, իր կողմից, պատրաստակամ է ընդլայնել չինացի զինվորական մասնագետների պատրաստման ծրագիրը։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից մեկն է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։

ՌԴ Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարանում «Մարտական համագործակցություն-2017» վարժանքների ընթացքում իրականացված հրաձգությունները Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ աշխատանքի առաջին կարեւոր փուլն են դարձել երկու երկրների հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի շրջանակներում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի զորքերի հրամանատար գնդապետ Արմեն Վարդանյանը: «Դա ՀՕՊ-ի հայ-ռուսական տարածաշրջանային համակարգի առաջին գործարկումն Էր, քանի որ մենք միայն անցյալ տարի ենք վավերացրել բոլոր փաստաթղթերը, իսկ այս տարվանից սկսել ենք դրանց իրագործումը: Սա առաջին գործնական կիրառումն Էր»,-ասել Է նա: ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի С-300 ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները « Մարտական համագործակցություն -2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց, խոցելով հենց առաջին հրթիռներով:

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 6-8-ը անցկացված Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:  Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քալաշյանը և «Հովեր» երգչախումբը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացնում էր մոսկովյան «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։

Հայաստանը մտել է Ռուսաստանից արտագնա տուրայցելությունների ամենամեծ քանակով լավագույն 30 երկրների ցանկ (26-րդ տեղ)։ Ըստ ՏուրՍտատ գործակալության՝ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակը 2017թ. առաջին վեց ամիսներին աճել է 37%-ով և կազմել 171 հազար։

Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։ Ըստ համատեղ գործունեության պայմանագրի՝որպես առաջին գործնական քայլկկազմակերպվի  հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China 2017» ցուցահանդեսին։ Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասն իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը: «Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն:

Վրաստանի տարածքում սեպտեմբերի 7-ի առավոտյան հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:  Ըստ ՀՀ ԱԳՆ ունեցած տեղեկության` ավտոբուսի ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վթարի պատճառ է դարձել «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները զոհվել են: Վրաստանի Նատախտարի շրջանում սեպտեմբերի 7-ին վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորներ տեղափոխել: Դրա վարորդը դեռ օգոստոսի 18-ին տուգանվել էր 450.000 դրամով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:

Ներհայաստանյան զարգացումներ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ողջունելով փրկարարներին և շնորհավորելով նրանց տոնի առթիվ` Հանրապետության Նախագահը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պետական պարգևներ է հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության և հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:

Ազգային ժողովի հատուկ նիստում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը: Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:  Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր և ուղղակի ստացումները 2017 թվականի հունվար-հունիսին 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել են համապատասախանաբար 36.6 և 26.3 տոկոսով: 

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործունեության ժամկետը, որը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին, երկարաձգվում է մինչ 2021 թվականը: 2014 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունված օրենքում, որը կներկայացվի Ազգային ժողով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 25 համայնքում ընդգրկված 37 բնակավայրերում:

Երևան քաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակվել է 2 միլիոն դրամ գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկոմատում եղել է 3 միլիոն 300 հազար դրամ գումար, սակայն գումարի մի մասը` 1 միլիոն դրամից ավելի, հայտնաբերվել է տարածքում:

Միջազգային խճանկար

Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին։ Փենյանում պարզաբանել են, որ փորձարկված սարքը  կարող է որպես մարտագլխիկ տեղադրվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա։ Ավելի վաղ հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը դիտել է հյուսիսկորեացի գիտնականների կողմից մշակված ջրածնային մարտալիցքը, որը բավականաչափ հավաք է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա տեղադրելու համար։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստել է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի դեմ: Քաղաքական ղեկավարները քննարկել են նախօրյակին Փենյանի կողմից անցկացված միջուկային փորձարկումը: Թրամփը հաստատել Է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իրեն ու ու իր դաշնակիցներին՝ «օգտագործելով դիվանագիտական, սովորական ու միջուկային հնարավորությունների ողջ սպեկտրը»:

Իրանի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» ռազմաբազայի հրամանատար գեներալ Ամիր Ֆարզադ Էսմայիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիացիային, այդ թվում՝ քաղաքացիական, արգելված Է մտնել Իրանի օդային տարածություն:

Դեր Զորի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը եւ քաղաքի եռամյա շրջափակման ճեղքումը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական բանակի մարտիկները եւ դաշնակիցների ուժերը շրջափակումը ճեղքել են Դեր Զորի հարավ-արեւմուտքից եւ քաղաքի պաշտպաններին միացել 137-րդ մեքենայացված բրիգադի զորանոցի շրջանում: 

ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը: Այդ մասին հայտարարել Է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մըքգըրքը:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից: Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ: 2012 թվականին՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հակակոռուպցիոն Átlátszó կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ: Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները: Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ  «Ադրբեջանական լվացքատան» բացահայտման գործն ունի մի շատ կարևոր կողմ, որը սակայն անտեսվել է և չի հրապարակվել, ոչ The  Guardian թերթի և ոչ էլ մամուլի այլ միջոցների կողմից:  «Հարավայի գազային միջանցք»-ի նախագիծի իրականացման համար, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա, ընդհանուր ծախսերը կազմում են 45 մլրդ դոլար: Ադրբեջանի իշխանությունների՝ նման մեծ ծավալի կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու գլխավոր պատճառներից է Եվրոպայում Ադրբեջանի դրական կերպար ստեղծելու ձգտումը, քանի որ այս միլիարդավոր դոլարներ պահանջող նախագիծն առանց Եվրոպայի օժանդակության Ադրբեջանն իրականացնել չի կարող: Հունգարական մամուլում կրկին մեծ աղմուկ հանած ադրբեջանական «կեղտոտ փողերի» վերաբերյալ լուրերը մեծ արձագանք են ստանում ռումինական մամուլում: Բուլղարական դատախազությունը հետաքննություն է սկսել UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնու` Կալին Միտրևի շուրջ, ում անունը հիշատակվում է  «Ադրբեջանական լվացքատուն» խորագիրը ստացած կոռուպցիոն սկանդալի հետ: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է անում հետաքննել այն քաղաքական գործիչների, բանկերի և ընկերությունների գործունեությունը, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար, և, հարկ եղած դեպքում, պատժել հանցագործներին: Բելգիական «Լաաթստե նիվս» օրաթերթը «20 բելգիական կազմակերպություններ ադրբեջանական ռեժիմից  գումարներ են ստացել» խորագիրը կրող հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալին:Ավելի քան 20 բելգիական կազմակերպություններ, այդ թվում` «Սոլվե»-ն և «Պրոկսիմուս»-ը 2012-2014թթ. միջնորդների օգնությամբ գումարներ են ստացել ադրբեջանական ռեժիմից: Բոլոր գործարքների ընդհանուր գումարը կազմել է 2.1 միլիարդ եվրո: Եվրախորհրդարանը մոտ ապագայում պատրաստելու է «Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը, որում անդրադարձ է կատարվելու Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ և վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին: Մարկ Վերվիլգենը, ով 7 տարի Բելգիայում եղել է նախարար, ապա զբաղեցրել է «Եվրոպայի ադրբեջանական հասարակություն» կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրենի պաշտոնը, այլևս հրաժարվում է Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն իրականացնել: Մարկ Վերվիլգենը, նշված կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրեն, զբաղվել է Ադրբեջանի հետ տնտեսական և մշակութային կապերի ընդլայնմամբ: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ստեղծված սկանդալը, հարուցված քրեական գործը, ինչպես նաև Ադրբեջանի շահերի համար եվրոպացի պատգամավորներից ոմանց կաշառվելու հանգամանքը ապտակ էր Եվրոպային: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով օրերս բրիտանական մամուլում հրապարակված՝ ալիևյան կլանի կողմից տարբեր երկրների պատգամավորներին գումարներ վճարելու համար բացված շուրջ 3 մլրդ դոլարանոց հաշվի շուրջ առաջացած սկանդալին՝ Քոչարյանն ընդգծեց, որ պատահական չէ այն, որ այս իրադարձությունների կոնտեքստում Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ իբրև թե հայերն են արել, ինչ պատահում է՝ մեղավորը հայերն են: «Ասում են, որ Ալիևի ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել: Սա իրենց պաշտոնական պատասխանն է: Այսինքն՝ ստացվում է, որ այդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց իմացության երեք միլիարդ գումար է դուրս հանվել»,- հավելեց փոխարտգործնախարարը: Իրավիճակից օգտվելու՝ Հայաստանի հնարավորությունների մասին հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Ճիշտ հասկանանք: Մեկը նստած է դատարանում, դատում են, դու էլ ասում ես՝ ինչ քայլեր կարող ես ձեռնարկել: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նկատմամբ դատ՝ փոխաբերական, ոչ թե իրավական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով, խոսում է այն մասին, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է: Մարդիկ թույլ են, նույնիսկ եվրոպական պատգամավորներ Եվրոպայի սրտից այդ գայթակղությանը չեն դիմանում: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք այն պատգամավորներն են, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է, նրանք ընտրվելու հնարավորություն չունեն»:

Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ:

Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլոս Պուչդեմոնը եւ Ժեներալիտետի մյուս անդամները սեպտեմբերի 6-ի երեկոյան ստորագրել են դեկրետ հոկտեմբերի 1-ին Իսպանիայից ինքնավար մարզի անկախության հանրաքվե անցկացնելու մասին։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Ձերբակալված ամերիկաբնակ թուրքերը՝ 45-ամյա Սինան Նարինը Վիրջինիա նահանգից և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից հայտարարել են, որ չեն ընդունում իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:

Մյանմայի Ռաքհայն արեւմտյան նահանգի տարածքում, որտեղ արդեն գրեթե երկու շաբաթ լարված իրադրություն Է դիտվում, զոհվածների թիվը հասել է 414-ի: Իշխանությունների հայտարարության համաձայն, այդ ընթացքում Ռաքհայնի նահանգի տարածքում գրանցվել Է 97 զինված բախում: 59 բնակավայրերում հրկիզվել Է 6,8 հազար տուն: Ռաքհայնում գրոհների հետեւանքով տեղահանվածների թվաքանակը երկրի կառավարությունը գնահատում Է 26,7 հազար:

«Իրմա» փոթորիկը հորդառատ անձրեւներ ու փոթորկալի քամի է բերել Պուերտո Ռիկո, տարերքի հետեւանքով մոտավորապես 900 հազար մարդ մնացել է առանց լույսի: «Իրմա» փոթորիկը Անտիգուա եւ Բարբուդայում համատարած ավերածությունների է հանգեցրել Բարբուդա կղզում, տարերքից վնասը կազմել Է 150 միլիոն դոլար (1,45 միլիարդ դոլար տարեկան համախառն ներքին արդյունքի դեպքում): Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: «Իրմա» փոթորիկն առաջ Է անցել «Հայյան» թայֆունից, որը 2013 թվականի նոյեմբերին պատուհասել էր Ֆիլիպիններն ու հարեւան երկրները: Այն ժամանակ «Հայյանի» քամու արագությունը 24 ժամվա ընթացքում կազմել Էր ժամում գրեթե 300 կիլոմետր: Մոտավորապես նույն այդ արագությամբ շարժվում Էր նաեւ «Իրմա» փոթորիկը, բայց 33 ժամվա ընթացքում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել Է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում Է վտանգի մեջ։

 Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ:

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում պարտվեց Դանիային։

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տնային խաղում 0:3 հաշվով զիջեց Մակեդոնիային:

ՌԴ Իրկուտսկ քաղաքում անցկացված մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» առաջին միջազգային մրցաշարում 68 կգ քաշային կարգի ոսկին բաժին հասավ ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձավ աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր:

Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը Բելգիայում անցկացվող աշխարհահռչակ Total 24 Hours of Spa 24-ժամյա ավտոմրցարշավում: Ավտոմրցարշավին մասնակցող 64 ավտոմեքենաներից եզրագծին են հասել միայն 35-ը: Total 24 Hours of Spa-ն հայտնի է, որպես ամբողջ աշխարհում ամենաբարդ ավտոարշավներից մեկը՝ հաշվի առնելով 24 ժամ վարելու հանգամանքն ու տարածաշրջանի եղանակային պայմանները: «Հիանալի զգացում է եզրագիծը հատել Հայաստանի ու Լիբանանի դրոշներով»,- նշել է ավտոմրցարշավորդը:

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին: Ջորկաեֆ կրտսերը հանդես  է գալիս «Նանտ»-ի երկրորդ թիմում, որը խաղում է Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում: Օհան Ջորկաեֆը ծնվել է 1997 թվականին: Հանդես է եկել «Էվիան» և «Մոնպելյե» ակումբների երկրորդ թիմերում: Օհան Ջորկաեֆը անդրադարձել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հավաքին մասնակցելուն: «Ուրախ եմ, որ եղա Հայաստանում և մարզվեցի երիտասարդական թիմի հետ»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Օհան Ջորկաեֆը՝ տեղադրելով նաև լուսանկար:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ