Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի ղեկավարի պաշտոնը

Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի ղեկավարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հատուկ նիստում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

ԱՀ նախագահի երդման համար ԱԺ-ի դահլիճ է բերվել Արցախի Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարան:

ԱՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար երդման իր խոսքում Բակո Սահակյանն ասել է. «Ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությանը օրհնության կարգ է կատարել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այնուհետև՝ շնորհավորանքի խոսք հղել Բակո Սահակյանին:

Երդման հանդիսավոր խոսքից հետո Բ. Սահակյանը Խորհրդարանում հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է, որ հուլիսի 19-ին ԱԺ կողմից հրավիրված հատուկ նիստի ժամանակ ինքը ելույթ է ունեցել՝ իբրև նախագահի թեկնածու, որտեղ ներկայացրել է իր և իր թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի տեսակետները, մոտեցումները՝ Արցախի անվտանգության ապահովման, քաղաքացիների բարեկեցության աստիճանի բարձրացման ուղղությամբ:

«Այդ ելույթում մանրամասն անդրադարձել եմ բանակաշինությանը, մեր զինված ուժերի մարտական ոգու և պատրաստվածության հետևողական բարձրացմանը, զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը: Հատուկ ուշադրության եմ արժանացրել ժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր կողմից ապագայում իրականացվելիք աշխատանքները: Մատնանշել եմ այն աշխատանքները, որոնք մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ոլորտներում: Ներկայացրել եմ, թե ապագայում ինչպիսին է լինելու պետության քաղաքականությունը: Առանձնահատուկ նշել եմ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթական համակարգի, մշակութային ոլորտի, զբոսաշրջության, սպորտի, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և հասարակական կյանքի ձևավորմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Այսօր ձեր ներկայությամբ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ մենք ձեզ հետ միասին ունակ ենք գիտակցված, հետևողական աշխատանքներ իրականացնել՝ նշվածս ծրագրերը և առաջադրանքները կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասել է Բակո Սահակյանը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ԱՀ նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը յուրատեսակ ամփոփումն է այն գործընթացների, որոնք սկիզբ են առել ԱՀ նոր Սահմանադրության ընդունմամբ:

«Այսօրվա հանդիսավոր միջոցառմամբ միաժամանակ քաղաքական նոր փուլի մեկնարկ է տրվում մեր երկրում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ»,- նշել է Ա. Ղուլյանը:

ԱԺ հատուկ նիստին ներկա էր ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱՀ անվտանգության խորհրդի և կառավարության անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան շարժման մասնակիցներ, հանրային գործիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]