ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանն ընտանիքի հետ պատարագին ներկա է գտնվել Գանձասարի վանական համալիրում:
«Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին»,- ասված է հաղորդագրությունում:
Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատարագին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարում:
«Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք: Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը: Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն մեր արդար ձեռնարկումներում: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,- գրել է Մարտիրոսյանը:
Ստեփանակերտի Մայր տաճարում պատարագը մատուցվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ:
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Սուրբ Ծննդին նախորդող օրը՝ հունվարի 5-ին ՀԱԷ բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: