Մոսկվայում տեղի է ունեցել Գառնիկ Բանյանի «Հիշողություններ մանկությունից և որբությունից» գրքի շնորհանդեսը

4 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայկական թանգարանում կայացել է հասարակական գործիչ Գառնիկ Բանյանի «Հիշողություններ մանկությունից և որբությունից. Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» հուշագրության ռուսերեն ամբողջական հրատարակության շնորհանդեսը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այն ներկայացրել են «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Նարեկացի» ինստիտուտի համահիմնադիր Արթուր Սողոմոնյանը և «Լազարյան» հիմնադրամի համահիմնադիր Վալերի Պողոսյանը։ Միջոցառման մոդերատորն էր գրող, գրականագետ Գայանե Ստեփանյանը։

Ելույթների ընթացքում ընդգծվել է, որ գիրքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն պատմական փաստերի պահպանման, այլև հայկական ինքնության ամրապնդման համար։ Արթուր Սողոմոնյանը նշել է, որ հայկական մշակութային ժառանգության հավաքագրումն ու հասանելի դարձնելը ժամանակի հրամայական է՝ հավելելով, որ տարբեր երկրներ վաղուց այդ նպատակով ստեղծել են ազգային ինստիտուտներ։

«Եթե Գերմանիայում այդ ինստիտուտը կրում է Գյոթեի անունը, Իսպանիայում՝ Սերվանտեսի, իսկ Չինաստանում՝ Կոնֆուցիոսի, ապա մենք մեր ինստիտուտը կոչեցինք Նարեկացու անունով։ Մեզ մոտ աշխատում են գիտնական-հայագետներ։ Ներկայում աշխատում ենք շուրջ 42 գրքի վրա։ Մեր գործունեության հիմնական սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր աշխատանք հիմնված լինի ստուգված փաստերի վրա և ունենա ամուր գիտական հիմնավորում։ Միաժամանակ ձգտում ենք, որ մեր նյութերը լինեն հասանելի և հեշտ ընկալելի լայն հանրության համար։ Այդ նպատակով սկսել ենք գրքերի հրատարակությունից, սակայն առաջիկայում նախատեսում ենք նաև ուսուցողական ծրագրեր և վիդեո բովանդակություն ստեղծել»,- ասել է Սողոմոնյանը և ավելացրել, որ թեև Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր կան, դրանց մեծ մասը կենտրոնանում է ցավի և տառապանքի վրա, մինչդեռ Բանյանի հուշագրությունը ներկայացնում է այլ դիտանկյուն՝ որբացած երեխաների պայքարը, կամքն ու կյանքի հանդեպ ձգտումը, որն ի վերջո պսակվում է հաջողությամբ։

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է հայերեն՝ 1992 թվականին Լիբանանում։ Հետագայում Բանյանի ընտանեկան արխիվում հայտնաբերված եզրափակիչ գլուխը լրացրել է ստեղծագործության ամբողջականությունը։ Ավելի ուշ այն թարգմանվել է նաև անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն, սակայն այդ տարբերակներում որոշ հատվածներ բաց են թողնվել։

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «ԱՆԻՎ» հիմնադրամը, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել են գրքի ռուսերեն թարգմանությունը՝ եզակի աղբյուր, որը լույս է սփռում 1915 թվականի Ցեղասպանության պատմության քիչ հայտնի էջերից մեկի՝ հայ որբերի ճակատագրի վրա։ Ռուսերեն հրատարակությունը առանձնանում է իր գիտական և փաստագրական հարստությամբ․ այն ներառում է ոչ միայն հուշագրություն, այլև մեկնաբանություններ, հոդվածներ, լուսանկարներ և հեղինակի տեղաշարժերի քարտեզ։

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը