Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Հուլիսի 21-ին Հռոմում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հանդիպումը Իտալիայի գյուղատնտեսության, պարենային ինքնիշխանության և անտառների նախարարության ներկայացուցչի, Fruitimprese՝ պտուղ-բանջարեղենի ոլորտի ձեռնարկությունների ազգային ասոցիացիայի նախագահ Պիետրո Մաուրոյի, Իտալիայի առևտրի գործակալության՝ ITA-ի ներկայացուցիչների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային և իտալական մասնագիտացված ցուցահանդեսներում հայկական ագրոպարենային և սննդամթերքի արտադրանքի ներկայացմանը, հայկական և իտալական տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի ձևավորմանը, հայկական արտադրանքի՝ իտալական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ընթացակարգերին և համապատասխանության պահանջներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ոլորտային հանդիպումները և աշխատանքային շփումները՝ քննարկված նախաձեռնությունները գործնական փուլ տեղափոխելու նպատակով։