Միացյալ Նահանգներ

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հանդիպումը տևել է ավելի քան կես ժամ։

Հուլիսի 23-ին կայացած հանդիպումը կազմակերպվել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում։

Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է ամերիկյան կողմին։

Հանդիպումից առաջ Associated Press լրատվական գործակալությունը գրել էր, որ սա ԱՄՆ-ի հերթական միջնորդական փորձն է՝ ավարտելու պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Մինչև հանդիպումը՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հայտնել էր, որ նախատեսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է պատրաստակամ մնալ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում, «եթե նման հնարավորություն ստեղծվի»։

Նա ընդունել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ ուղղությամբ ջանքերը «որոշ չափով թուլացել են», սակայն նշել է, որ հանդիպման ընթացքում կփորձեն պարզել՝ արդյոք կա բանակցությունները վերսկսելու հնարավորություն։

«Մենք պետք է հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի կառավարության հետ, նույնիսկ եթե կան տարաձայնություններ», - ասել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ խոսքը երկու խոշորագույն միջուկային տերությունների մասին է։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում