Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք
2 րոպեի ընթերցում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մի քանի տասնյակ ցուցարարներ հոկտեմբերի 23-ի երեկոյան փորձել են ներխուժել խորհրդարանի ստորին պալատի՝ Պատգամավորների պալատի շենք։ Ոստիկանները կանխել են նրանց մուտքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով չեխական Novinky.cz լրատվամիջոցը, միջադեպը տեղի է ունեցել հանրային հեռուստատեսության և ռադիոյի ֆինանսավորման համակարգը փոխելու ծրագրի դեմ բողոքի ակցիայի ընթացքում։
Ոստիկանության խոսնակ Եվա Կրոպաչովայի փոխանցմամբ՝ հատուկ ստորաբաժանման ծառայողները կանխել են ցուցարարների ներխուժումը։ Ոչ ոք չի ձերբակալվել, իրավիճակը հաջողվել է հանդարտեցնել։
Բողոքի պատճառը կառավարության առաջարկն է՝ վերացնել հանրային հեռուստատեսության և ռադիոյի համար տնային տնտեսություններից գանձվող վճարները և հեռարձակողներին ֆինանսավորել պետական բյուջեից։ Նախագիծը նախատեսում է նաև ֆինանսավորման կրճատում։
Քննադատների գնահատմամբ՝ փոփոխությունները կարող են մեծացնել հեռարձակողների կախվածությունը քաղաքական իշխանությունից։ Կառավարությունը պնդում է, որ նոր համակարգը չի ազդի նրանց խմբագրական անկախության վրա։
Հոկտեմբերի 24-ի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել նախագծին։ Այն դեռ պետք է անցնի հանձնաժողովային քննարկումներ և հետագա ընթերցումներ։ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները նոյեմբերի 3-ին գործադուլ են նախատեսել։