Աշխարհ

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Գերմանիայի Բավարիա երկրամասում հոկտեմբերի 24-ի գիշերը շարունակվել են նացիստական ղեկավարության օգտագործած «Արծվի բույն»՝ Քելշթայնհաուս շենքի հրդեհաշիջման աշխատանքները։ Ոստիկանությունը ձերբակալել է հրդեհին հնարավոր առնչություն ունեցող անձի։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական BR24 հանրային լրատվամիջոցը, հոկտեմբերի 24-ի առավոտյան շենքում բաց կրակ այլևս չի նկատվել, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ավարտի մասին պաշտոնական հաստատում դեռ չկար։ Շենքը լրջորեն վնասվել է։

Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 23-ի երեկոյան։ Նախնական տվյալներով՝ այդ պահին շենքում մարդիկ չեն եղել։ Աշխատանքներին մասնակցել է շուրջ 200 ծառայող՝ հրշեջներ, փրկարարներ, լեռնային փրկարար ծառայության աշխատակիցներ և ոստիկաններ։

Հրդեհաշիջումը դժվարացել է շենքի տեղակայման պատճառով․ այն գտնվում է Բերխտեսգադենի մերձակայքում՝ ծովի մակարդակից 1834 մետր բարձրության վրա։ Մեծ հրշեջ մեքենաների համար դեպի շենք տանող ճանապարհը դժվարանցանելի է եղել։

Քելշթայնհաուսը կառուցվել է 1938 թվականին՝ նացիստական ղեկավարության ընդունելությունների համար։ Ադոլֆ Հիտլերն այնտեղ ընդունել է դիվանագետների և օտարերկրյա հյուրերի։ 1952 թվականից շենքը գործում է որպես լեռնային ռեստորան։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում