ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Գերմանիայի Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խուդաթյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել համայնքների խոշորացման, լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին։ Քննարկել ենք նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ընդգծել եմ, որ Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար, և պատրաստակամություն եմ հայտնել աջակցելու գործնական կապերի ու համատեղ ծրագրերի ձևավորմանը»,- գրել է Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղություններին։