Տնտեսություն

Կայացել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Աշխաբադում կայացել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։

Հայաստանի Հանձնաժողովի նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Գուվանչ Ագաջանովը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստը նախագահողները հանդես են եկել բացման խոսքով։ Նախարար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների տնտեսական համագործակցության կարևորագույն գործիքներից է։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն քննարկելու առկա հարցերը, այլև առաջադրելու նոր նախաձեռնություններ և ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։

Նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ Հայաստանի բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ կան էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

«Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ՝ ուղղված փոխադարձ շահերի վրա հիմնված նոր ծրագրերի իրականացմանը և մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։

Միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ավարտին տեղի է ունեցել նիստի արձանագրության և այլ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում