Տնտեսություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՄԱԿ-ը համագործակցությունը տեղափոխում են նոր մակարդակ

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՄԱԿ-ը համագործակցությունը տեղափոխում են նոր մակարդակ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համագործակցությունը թևակոխում է որակապես նոր փուլ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵԱՏՀ-ի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Բախիթ Սուլթանովը՝ ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) 59-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Սուլթանովը հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի վերջին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ԵԱՏՀ-ն և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հիմք է ստեղծում երկու կառույցների միջև համատեղ համագործակցության ընդլայնման համար։

Նրա խոսքով՝ հուշագիրը հնարավորություն կտա ԵԱՏՀ-ին առևտրային իրավունքի ոլորտում Միության մարմինների իրավական ակտերի մշակման ընթացքում կիրառել ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի միջազգային չափանիշներն ու լավագույն փորձը։ 2026 թվականի համագործակցության ծրագրով նախատեսվում է անցկացնել մի շարք համատեղ վեբինարներ, կազմակերպել տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև աջակցել ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի առցանց ուսումնական դասընթացների թարգմանությանը։

Նախարարն անդրադարձել է նաև նստաշրջանի օրակարգային հարցերին, որոնց թվում են ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի ստեղծումը, էլեկտրոնային առևտրի և թվային հարթակների զարգացումը, առցանց վճարումների կարգավորումը, գործարքների անվտանգության բարձրացումը և սնանկության ոլորտի իրավական հարցերը։

«Մեզ համար կարևոր է, որ միջազգային չափանիշներն ու փորձագիտական մշակումները գործնական կիրառություն ստանան՝ օգնելով ԵԱՏՄ անդամ երկրներին կատարելագործել կարգավորումները, նվազեցնել բիզնեսի ծախսերը, զարգացնել թվային գործիքները, ապահովել իրավական որոշակիությունը և ամրապնդել տնտեսական շրջանառության մասնակիցների միջև վստահությունը»,-նշել է Բախիթ Սուլթանովը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում