Աստանայում կքննարկվեն ԵԱՏՄ թվային ապագան և նոր առևտրային ուղիները
3 րոպեի ընթերցում

Աստանայում մայիսի 28-29-ը կայանալիք 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումի (ԵՏՖ-2026) նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ԵՏՀ հինգ նախարարներ։
Ֆորումի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ-ն գլոբալ թվային մրցավազքում․ խաղադրույքը՝ արհեստական բանականության վրա»։
ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար, ծրագրային կոմիտեի նախագահ Բախիտ Սուլթանովի խոսքով՝ միջոցառումը համահունչ է ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին։
Ֆորումի շրջանակում նախատեսված են տասնյակ թեմատիկ քննարկումներ՝ թվային տնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի, առևտրի, ագրոարդյունաբերության, տեխնիկական կարգավորման և արհեստական բանականության կիրառման շուրջ։ Սուլթանովը նշել է, որ կազմակերպչական բոլոր մեխանիզմները գործարկված են, իսկ ծրագիրն ամբողջությամբ ձևավորված է։
ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Գոհար Բարսեղյանը հայտնել է, որ արդյունաբերական համագործակցության և թվային վերափոխման թեմաներով երկու պանելային նիստ կանցկացվի՝ Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Ֆորումում նախատեսվում է ստորագրել նաև համատեղ գործողությունների ծրագիր։

Տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը իր հերթին նշել է, որ քննարկվելու են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորությունները տեխնիկական կարգավորման և սանիտարական ու բուսասանիտարական անվտանգության ոլորտներում։
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն էլ շեշտել է, որ աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում աճում է եվրասիական տրանսպորտային միջանցքների նշանակությունը։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակն է կրճատել բեռնափոխադրումների ժամկետներն ու ծախսերը։
Իսկ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է, որ ֆորումում հատուկ ուշադրություն կդարձվի եվրասիական առևտրային երթուղիներին, թվային առևտրին և ապրանքների թվային մակնշման համակարգերին։ Նա ընդգծել է նաև կլիմայական օրակարգի աճող նշանակությունը։
Կազմակերպիչների տվյալներով՝ Ֆորումին մասնակցելու հրավեր է ուղարկվել ավելի քան 2000 մասնակցի։ Աստանայում սպասվում են ԵԱՏՄ անդամ և դիտորդ երկրների նախարարությունների ղեկավարներ, ինչպես նաև պատվիրակություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Վիետնամից, Եգիպտոսից և մի շարք այլ երկրներից։ Ֆորումին կմասնակցեն նաև ՄԱԿ-ի կառույցների, ԱՀԿ-ի, ՏՀԶԿ-ի, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ներկայացուցիչները։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է ստորագրել 12 ինտեգրացիոն փաստաթուղթ։