Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցե և արձանագրել, որ այնտեղ իրականացվող շինարարությունը չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։
«Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։
«Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։ Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,-նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։