Մոսկվայում կայացել է Ռայմոնդ Գևորգյանի՝ Ցեղասպանությանը նվիրված գրքի ռուսալեզու տարբերակի շնորհանդեսը
3 րոպեի ընթերցում

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «Նարեկացի ինստիտուտ»-ի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» գրքի ռուսալեզու տարբերակի շնորհանդեսը։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 2023 թվականին ֆրանսերենով, ռուսախոս ընթերցողի համար հասանելի է դարձել Մոսկվայում գործող «Նարեկացի ինստիտուտ»-ի, «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման ու աջակցության հիմնադրամի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ աշխատանքի շնորհիվ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Նարեկացի ինստիտուտ»-ի համահիմնադիր, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը։ Իր ելույթում նա ներկայացրել է ինստիտուտի առաքելությունն ու ընթացիկ գործունեությունը՝ ընդգծելով գիտակրթական աշխատանքի կարևորությունը։ «ԱՆԻՎ» հիմնադրամի գլխավոր տնօրեն, «Նարեկացի ինստիտուտ»-ի համահիմնադիր Արմեն Խեչոյանը կարևորել է Հայոց ցեղասպանության թեմայով նախաձեռնությունների շարունակականությունը՝ շեշտելով դրանց դերը պատմական հիշողության պահպանման և գիտական երկխոսության զարգացման գործում։

Գրքի գիտական խմբագիր, «ԱՆԻՎ» հիմնադրամի գիտաշխատող Եվգենի Գլինսկին իր խոսքում ներկայացրել է աշխատության հիմնական թեզերից մեկը՝ նշելով, որ հայերի ցեղասպանությունը չի ավարտվել Օսմանյան կայսրության պարտությամբ և երիտթուրքական ռեժիմի անկմամբ։ Նրա խոսքով՝ Մուստաֆա Քեմալի ղեկավարած կառավարությունը շարունակել է հայերի հետապնդումներն ու ոչնչացումը՝ վարելով էթնիկ զտումների քաղաքականություն։
Զեկույցով հանդես է եկել պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը։

Վերջինս անդրադարձել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանության իրականացման մեխանիզմներին՝ ներկայացնելով դրանց կազմակերպչական կառուցվածքն ու որոշումների ընդունման հիերարխիան, որոնք հիմք են հանդիսացել զանգվածային բռնության համար։
Շնորհանդեսի ընթացքում ընդգծվել է գրքի կարևորությունը՝ որպես հիմնարար հետազոտություն, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած թերուսումնասիրված ժամանակաշրջանին։

Գևորգյանի աշխատությունը հիմնված է Երևանի, Երուսաղեմի, Փարիզի, Լոնդոնի և այլ քաղաքների արխիվային հարուստ նյութերի վրա և ներկայացնում է 1918–1922 թվականներին հայերի և հույների ճակատագրի համապարփակ վերլուծություն։
Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուս անվանի մտավորականներ։