Կոոպերացիան իրական գործիք է, որը կօգնի զարգացնել գործընկերային համագործակցությունը. Գոհար Բարսեղյան
2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը ՌԴ Ալթայի երկրամասում մասնակցել է «Արդյունավետ բերք. հաջողության ժամանակակից ռազմավարություններ» խորագրով լիագումար նիստին, որը տեղի է ունեցել «Համառուսաստանյան դաշտի օր-2026» («Всероссийский день поля-2026») ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նաև հանդես է եկել Հանձնաժողովի կազմակերպած միջոցառման ժամանակ և ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ միասին ծանոթացել Ռուսաստանի ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներին և սարքավորումներին։
«Կոոպերացիան ԵԱՏՄ-ում՝ որպես բուսաբուծության զարգացման լրացուցիչ գործիք» թեմայով կլոր սեղանի ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման հարցերը, այդ թվում՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառմամբ, ինչպես նաև նման նախագծերի իրականացման հեռանկարային ուղղությունները։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել Միության երկրների միջև բուսաբուծության ոլորտում տեխնոլոգիական և նորարարական զարգացման համագործակցության հնարավոր ձևաչափերին։
«Կոոպերացիան իրական գործիք է, որը կօգնի զարգացնել գործընկերային համագործակցությունը, խթանել խորքային արտադրական շղթաների ձևավորումը և ապահովել տեխնոլոգիական կատարելագործումը, այդ թվում՝ բուսաբուծության ոլորտում»,-ընդգծել է Գոհար Բարսեղյանը։
Նա հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու համապատասխան արձանագրությունը։
Նրա գնահատմամբ՝ այդ փաստաթուղթը կարևոր քայլ է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտներում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկման համար։
ԵՏՀ նախարարն այցելել է նաեւ Ալթայի երկրամասի սերմնաբուծական փորձատարածքներ, որտեղ ծանոթացել է սելեկցիոն առաջատար մշակումներին և գյուղատնտեսական մշակաբույսերի հիբրիդների փորձնական ցանքերին։
