Մոսկվայում կայացել է անվանի քանդակագործ Վահե Սողոյանի ստեղծագործական երեկոն
2 րոպեի ընթերցում

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ստեղծագործական երեկո՝ նվիրված անվանի քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Վահե Սողոյանին։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ներկայացվել է վարպետի բազմաշերտ ստեղծագործական ուղին, ինչպես նաև միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ռեժիսոր Արթուր Վարդանյանի «Հպում. Վահե Սողոյան» ֆիլմի պրեմիերան (պրոդյուսեր՝ Կարիստինա Ասատրյան), որը հնարավորություն է ընձեռել ավելի խորը ծանոթանալու արվեստագետի աշխարհայացքին։

Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ողջունելով ներկաներին, ընդգծել է սերունդների նուրբ և կարևոր ժառանգական կապը՝ հիշատակելով անվանի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի թողած հսկայական մշակութային ժառանգությունը, որն իր արժանի արտացոլումն է գտնում որդու՝ Վահե Սողոյանի արվեստում։

Քանդակագործն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ երեկոյի ու գնահատանքի գեղեցիկ դրսեւորման համար.
«Պարզապես ուզում եմ նշել, որ ես այստեղ եմ եկել ՝ իմ բազմաթիվ գործերից ընտրելով ու հետս վերցնելով դրանցից մեկը միայն։ Դա հորս՝ Ֆրիդ Սողոյանի քանդակն է՝ իրեն բնորոշ դիրքով։ Ասեմ, որ քանդակել եմ այն, երբ հայրս արդեն չկար, դա արել եմ երկու ժամում։ Բայց երկար ժամանակ չեմ կարողացել կերտել աչքերը… Զգացված եմ, որ ֆիլմը լավագույնս արտացոլել է ինձ՝ բոլոր հոգեվիճակներում»,-նշել է քանդակագործը։

Երեկոյին, որին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, առանձնահատուկ հնչերանգ են հաղորդել Մշակութային կենտրոնի մեներգչուհի Ֆլորա Նազարյանի երաժշտական կատարումները։