Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 17.05.2016

Սպասվող լրահոս. 17.05.2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Վիեննա կատարած այցը քննարկումների առանցքում է: Վերլուծաբանները, քաղաքագետները վերլուծում են ղարաբաղյան հարցի շուրջ նոր զարգացումները: Ի՞նչ կփոխի նախագահի այցը Վիեննա, արդյո՞ք ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները նոր ընթացք են ստանում: Այսօր` մայիսի 17-ին, այս և այլ հարցերի կանդրադառնան Հայաստանի և այլ երկրների փորձագետները:   

Այսօր կմեկնարկի հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ`  ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին: Նիստի շրջանակում երկու երկրների գործարար համայնքի շուրջ 35 ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով:

Մայիսի 19-ին լրանում է Պոնտոսի հույների ցեղասպանության 97-րդ տարելիցը: Օրվան ընդառաջ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կներկայացվի Պոնտոսի հույների ցեղասպանությանը նվիրված «Արգոնավորդների ոտնահետքերով» ֆիլմի հայերեն թարգմանված տարբերակի ցուցադրությունը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ հույների Ցեղասպանության պատմությունը համառոտ կներկայացնի ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանը:

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի նախասրահում կկայանա «ՀԱՎԱՍԱՐ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի նպատակն է կին և տղամարդ քաղաքական գործիչների հետ համատեղ բարձրաձայնել կանանց  քաղաքական մասնակցության կարևորությունը: Ցուցահանդեսը ներառում է հետևյալ երկու թեմատիկ շարքերը` Հայ քաղաքական գործիչների դիմանկարներ և  տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի կանանց ու տղամարդկանց  դիմանկարներ՝ հավասար իրավունքների և հնարավորությունների կոչ-ուղերձներով:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով կմեկնի Արմավիրի մարզ: Նա կայցելի մի շարք մշակութային հաստատություններ, կծանոթանա խնդիրներին, արված աշխատանքին:

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը կներկայացնի սպասվող միջոցառումները, կխոսի նաև հասարակության սոցիալ-մշակութային կյանքում թանգարանների դերի մասին:

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Արվեստ էքսպո-2016» միջազգային 2-րդ ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել է հայրենադարձ նկարիչ Վագո Արմենո Խախամյանը: Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին, որին կմասնակցի 40 նկարիչ՝ աշխարհի 18 երկրից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am