Հասարակական

Էնիո Մորիկոնեի տարբեր ժամանակների լավագույն երաժշտական նմուշները՝ մեկ ստեղծագործությամբ. պրեմիերա՝ հայաստանյան համերգի ընթացքում

4 րոպեի ընթերցում

Էնիո Մորիկոնեի տարբեր ժամանակների լավագույն երաժշտական նմուշները՝ մեկ ստեղծագործությամբ. պրեմիերա՝ հայաստանյան համերգի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բեմում. հանրությունը մայիսի 26-ին հնարավորություն կունենա վայելելու օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը՝ Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ: Ծրագրի շրջանակում կհնչեն հոլիվուդյան լավագույն սաունդթրեքերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգը ներկայացվում է «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքում:

Բացառիկ համերգային ծրագրի դիրիժորն է լինելու լեգենդար կոմպոզիտորի որդին՝ Անդրեա Մորիկոնեն:

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը վստահեցրեց՝ շատ հետաքրքիր է լինելու երկու մշակույթների միաձուլումը մեկ բեմում: Նրա խոսքով՝ չափազանց մեծ կազմով և շատ տպավորիչ համերգ է սպասվում, որտեղ բացառիկ հնարավորություն կլինի՝ վայելելու եզակի համերգային ծրագիր:

Անդրեա Մորիկոնեն, տպավորված հայկական ջերմ ընդունելությունից, խոստովանեց՝ չնայած այն հանգամանքին, որ տեխնիկապես բավականին բարդ համերգ է սպասվում, պատկերացնում է՝ իրենց ինչ հրաշալի ունկնդիրներ են սպասելու:

«Հայաստանում կայանալիք համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի մի ստեղծագործություն, որը տարբեր ֆիլմերի սաունդթրեքերի լավագույն մեղեդիների համախմբումն է և հնչելու է հարմոնիկա գործիքով: Կարելի է ասել՝ այդ ստեղծագործության մեջ հավաքված է հայրիկիս տարբեր ժամանակների ժառանգության լավագույն նմուշները: Սա շատ հուզիչ է ինձ համար. շատ ուրախ եմ, որ այս գործը պիտի կատարվի, և այդ ամբողջ էմոցիան փոխանցվի մեր ունկնդիրներին»,-նշեց կոմպոզիտորը:

Անդրեա Մորիկոնեն շեշտեց՝ շատ հպարտ է ղեկավարելու այս համերգը, որը կազմվել է իր հայրիկի ստեղծած երաժշտությունից: Նա առանձնահատուկ նշեց՝ խմբում ընդգրկված են ընտրված լավագույն երաժիշտներ Իտալիայից, որոնց իր հայրն է ընտրել տարիների համագործակցության համար: Հիմա նրանք հայ երաժիշտների հետ միանալով՝ շատ հրաշալի կազմ են ձևավորում:

Համերգին Roma Sinfonietta նվագախմբին են միանալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը:

Համաշխարհային կինոերաժշտությունը սերտորեն կապված է Էնիո Մորիկոնեի անվան հետ: Նրան համաշխարհային փառք են բերել Սերջիո Լեոնեի ֆիլմերի համար գրված երաժշտությունը, որոնցից են՝ «Once Upon a Time in America», «The Good, the Bad and the Ugly»:

Հետագայում նա աշխատել է Իտալիայի խոշորագույն կինոռեժիսորների՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Պյեր Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի, Սալվատորե Սամպերիի և շատ ուրիշների հետ։ «Roma Sinfonietta» նվագախումբն իր ստեղծման օրվանից ի վեր ծավալում է երաժշտական ​​լայն գործունեություն տարբեր երաժշտական ​​ժանրերում և ոճերում ՝ սիմֆոնիկ երաժշտությունից, օպերայից և ջազից մինչև կինո և էթնիկ երաժշտություն: Սակայն նվագախմբի գործունեության ամենակարևոր մասն է կազմում Էնիո Մորիկոնեի սաունդթրեքերի մեկնաբանումը` ում հետ նվագախումբը համագործակցել է 1995 թվականից սկսված և համերգներ ունեցել աշխարհի ամենամեծ և հեղինակավոր բեմերում:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում