Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի տարածաշրջանի բնակավայրեր կատարած այցի շրջանակում հանդիպել է Ծավ գյուղի բնակիչների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով նաև փայտե տնակների փոխարեն՝ կառավարության կողմից իրականացվող՝ 16 մլն դրամի չափով ծրագրի անհատական բնակելի տներ կառուցելու հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում ՝ կից տեսանյութ հրապարակելով:
Վարչապետը նշել է, որ Ծավում կառուցվում է նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաև հարեւան բնակավայրերի երեխաների համար:
Նիկոլ Փաշինյանը նաև հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Նա այս մասին ևս գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը:
Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ»,-նշված է վարչապետի գրառման մեջ: