GG ընկերության կողմից հարկերից խուսափելու հատկանիշներով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին. ՀՀ ՔԿ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: GG ընկերության կողմից հարկերից խուսափելու հատկանիշներով քրեական վարույթը ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին, և քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
«GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։
Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։
Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։
Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։
Այս տեսանկյունից քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է»,- գտնում են ՀՀ քննչական կոմիտեում։