Հայաստան

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում դատավարության մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ցուցմունք չտալուն կամ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մասիս քաղաքի բնակիչ Ա․Հ․-ն, 2026 թվականի մարտի 6-ին մասնակցելով իր մտերիմ, Մասիսի նախկին քաղաքապետ Դ.Հ․-ի եղբոր և մյուսների վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստին և տեղեկանալով, որ նույն գործով մեղադրյալ Հ․Խ․-ն, նախաքննության ընթացքում իր մտերիմ Գ․Հ․-ի վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, մարտի 7-ին զանգահարել է Հ.Խ․-ին և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիքներով պահանջել և հարկադրել է նրան՝ դատարանում հերքել իր նախաքննական ցուցմունքները և տալ այնպիսի ցուցմունքներ, որոնց հիման վրա Գ.Հ․-ն ազատ կարձակվի կալանքից:

Ա․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում